News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում արեւադարձային անտառների կործանման արագությունը վերջին 35 տարում կրկնապատկվել է: Այս մասին են վկայում Ջեյմս Քուկի համալսարանի հետազոտողների տվյալները։

1985 թվականից Ավստրալիա մայրցամաքի հյուսիսում անցկացված լայնածավալ միջազգային հետազոտության ընթացքում գիտնականները կարողացել են պարզել, որ մայրցամաքի անտառներում արեւադարձային ծառերն ավելի արագ են անհետանում կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետեւանքների պատճառով: Ջեյմս Քուկի համալսարանի արեւադարձային անտառների էկոլոգիայի պրոֆեսոր Սյուզան Լոուրենսը ասում է, որ Ավստրալիայի հյուսիսային անտառներում ծառերի տարեկան կործանման թիվը «վերջին 35 տարվա ընթացքում կրկնապատկվել է»:

Գիտնականները նշում են, որ գլոբալ տաքացման պատճառով ոչ միայն Ավստրալիայի հյուսիսային անտառների արեւադարձային ծառերն են մեռնում, այս երեւույթը բացասաբար է անդրադառնում «մայրցամաքի բոլոր տարածաշրջանների տեսակների ամբողջ բազմազանության վրա», բայց հենց անտառների արագ անհետացումն է հատկապես տագնապալի ածխաթթու գազը կլանելու եւ մոլորակի ջերմաստիճանը կայունացնելու ունակության առումով:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Յադվինդեր Մալին, որը մասնակցել է հետազոտությանը, նշել է, որ «վերջին տարիներին շատ են խոսում Մեծ արգելախութի մարջանների վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին, սակայն Ավստրալիայի արեւադարձային անտառները ոչ պակաս արմատապես են փոխվում: «Մենք կարծում ենք, որ աշխարհի բոլոր արեւադարձային անտառները նման փոփոխությունների են ենթարկվում։ Եթե այդպես է, ապա գլոբալ տաքացումը մինչեւ 2 աստիճանից ցածր սահմանափակելու մեր նպատակը դառնում է եւ՛ ավելի հրատապ, եւ՛ ավելի դժվար»,- ասել է Մալին:

Հետազոտողները նշել են, որ իրենց մահից հետո անտառային ծառերն այլեւս չեն կլանում ածխաթթու գազը մթնոլորտից, եւ երբ դրանց բները քայքայվում են, իրենք են սկսում CO2 արտանետել՝ վերածվելով ջերմոցային գազերի լրացուցիչ աղբյուրի։ Ավստրալիայի արեւադարձային անտառներում կենսազանգվածի կորուստը վերջին 35 տարիների ընթացքում չի փոխհատուցվել նոր ծառերի տնկմամբ՝ զգալիորեն նվազեցնելով դրանց էկոլոգիական եւ կլիմայական ներուժը, ասում են գիտնականները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ