News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մենք այստեղից չենք հեռանալու, մինչեւ ԱԺ պատգամավորների եւ նախարարների հանդիպումը տեղի չունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Սադրանքների, ստեղծված իրավիճակից ելքի պատասխանատվությունը մնալու է նրանց  վզին, որոնք այդ սադրանքը  կազմակերպում են: Մենք հետ չենք գնալու, եւ պատգամավորները շենք մտնելու են: Մեր առջեւ որեւէ փակ դուռ չկա:

Հիմա ոստիկանությունը բանակցություններ է վարում, 10 րոպեից մեզ կպատասխանեն եւ մենք կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ լրագրողներին հայտարարեց, որ ոստիկանությունն իրավունք չունի պատգամավորներին թույլ չտալ մտնել կառավարության մասնաշենք:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման երթը հասել է Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները ցանկացան մուտք գործել շենք: Փոխոստիկանապետ Կամո Ցոցուլյանն ասաց, որ կճշտի նախարարների հետ՝ արդյոք պատրաստ են ընդունել պատգամավորներին, որից հետո թույլ կտան ընդդիմադիր պատգամավորներին մուտք գործել շենք: Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, երբ պատգամավորներին ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել շենք: Ուժեղ հրմշտոց սկսեց, մի քանի քաղաքացիներ թեթեւ վնասվածքներ ստացան, ոստիկաններից մեկն ուշագնաց եղավ: Բացի այդ, ոստիկանները քարշ տալով ու ձեռքերն ոլորելով հեռացրին պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Կարմիր բերետավորներն էլ բիրտ ուժի գործադրեցին պատգամավոր Արամ վարդեւանյանի նկատմամբ՝ ձեռքով սեղմելով պարանոցը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել էր իրենց հայտարարության տեքստում ամրագրված պահանջները. «Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հայտնի հստակ դիրքորոշում.

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ