News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան թույլ չի տա ուկրաինական հացահատիկի կամ որեւէ այլ ապրանքի ապօրինի առեւտուր որեւէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ Անկարայում կայացած համատեղ ասուլիսում, փոխանցում է Anadolu-ն։

Պատասխանելով Ուկրաինայից գողացված հացահատիկի՝ ռուսական նավահանգիստներով տարբեր երկրներ, այդ թվում՝ Թուրքիա արտահանելու հավանականության մասին լրագրողների հարցին՝ Չավուշօղլուն նշել է, որ ժամանակ առ ժամանակ նման հայտարարություններ են հնչում լրատվամիջոցներում։

Ուկրաինական կողմը նույնպես այս հարցով տեղեկություններ է տալիս Անկարային։ «Մենք ամենայն լրջությամբ դիտարկում եւ ուսումնասիրում ենք յուրաքանչյուր եկող ազդանշան։ Այս հարցով տեղեկացնում ենք նաեւ ուկրաինական կողմին։ Իրականում մոնիթորինգը բավականին պարզ է։ Դրա համար բավական է ներբեռնել 5-6 դոլար արժողությամբ հավելված։ Սա թույլ է տալիս հետեւել նավագնացությանը, տեղեկություններ ստանալ նավահանգիստներից նավերի ելքի եւ դրանց բեռների մասին: Դա անելու համար պարտադիր չէ պետական պաշտոնյա լինել: Բոլորը կարող են տեղեկատվություն ստանալ: Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել համապատասխան հավելվածները հեռախոսում կամ համակարգչում՝ ավիահաղորդակցությանը կամ նավագնացությանը հետեւելու համար»,- ասել է Չավուշօղլուն:

Նա ընդգծել է, որ Անկարան լուրջ է վերաբերվում յուրաքանչյուր կոչին։ «Թուրքիան ուսումնասիրում է արտադրող երկրի, մեկնման նավահանգստի մասին տեղեկությունները։ Ամեն անգամ մենք ստուգում եւ հաստատում ենք, որ արտադրանքը արտադրված է Ռուսաստանում։ Թուրքիան թույլ չի տա ուկրաինական հացահատիկի կամ այլ ապրանքների ապօրինի առեւտուր որեւէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։ Մենք ինքներս էլ չենք ընդունի այդ ապրանքը։ Թուրքիայի եւ նրա պետական կառույցների վճռական դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,- ասել է նախարարը։

Լիզ Թրասն իր հերթին նշել է, որ եթե հացահատիկը դուրս չբերվի Ուկրաինայի նավահանգիստներից, ապա լուրջ սով է սպասվում։

«Հացահատիկի ճգնաժամը պետք է լուծվի ոչ ուշ, քան հաջորդ ամիս։ Հակառակ դեպքում կլինեն շատ վնասակար հետեւանքներ»,- զգուշացրել է նախարարը։

Թրասը նշել է ուկրաինական հացահատիկով նավերի համար անվտանգ միջանցքի ապահովման կարեւորությունը։

Թուրքիան դա իրագործելի է համարում եւ աջակցում է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման ՄԱԿ-ի ծրագրին, ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրում պարենային խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան այս հարցի շուրջ շարունակում է ակտիվ բանակցությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ