News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանն ու Հայաստանը թույլ չեն տա միջամտություն իրենց ընդհանուր սահմանի հարցում, եւ նրանք այս հարցում երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդատվության կարիքը չունեն։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովում սահմանային հարցերի հանձնաժողովի նախագահ Շահրիար Հեյդարին, փոխանցում է IRIB-ը։

Նա հիշեցրել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալիե Սայեդ Խամենեին այդ մասին հայտարարել է Թեհրանում Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա արգելափակել հայ-իրանական սահմանը։

Նա նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում ռազմավարական դիրք է զբաղեցնում, ինչն էլ նրա բազմաթիվ խնդիրների պատճառ է դարձել, դրանցից մեկը ղարաբաղյան հակամարտությունն է։

Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ իրանցի պատգամավորն ասել է, որ դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտությունն է։ Սակայն, Շահրիար Հեյդարիի կարծիքով, խնդիրը պետք է լուծվի լրջորեն եւ դիվանագիտական ճանապարհով։ Իրանը միշտ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այս հարցը քաղաքական ճանապարհով պետք է լուծեն։

«Որոշ արտատարածաշրջանային ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան տանող միջանցք ստեղծել, որպեսզի Իրանին դուրս մղեն, բայց Հայաստանն ու Իրանն ընդգծում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Մենք Հայաստանի հետ ունենք ընդհանուր սահման՝ 47 կմ երկարությամբ, որի մի մասն անցնում է Արաքս գետով, եւ մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա այդ սահմանների խախտում։ Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը միշտ անվտանգ է եղել, երկու երկրներն էլ ձգտում են դրա անվտանգությանը եւ սահմանի հանդեպ ցանկացած անօրինական ոտնձգության կանխմանը, եւ մեզ պետք չեն երրորդ կողմի խորհուրդները, ինչպիսին Թուրքիան է»,- ասել է Հեյդարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ