News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է եռօրյա մարտական գործողություններից հետո հրադադարի հայտարարումը Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ։

Բայդենն ասել է, որ վերջին 72 ժամում Միացյալ Նահանգներն աշխատել է Իսրայելի, Եգիպտոսի, Կատարի, Հորդանանի եւ տարածաշրջանի այլ երկրների հետ, որպեսզի նպաստի հակամարտության արագ կարգավորմանը։ «Ես շնորհակալություն եմ հայտնում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին եւ բարձրաստիճան եգիպտացի պաշտոնյաներին, որոնք կենտրոնական դեր են խաղացել այս դիվանագիտությունում, ինչպես նաեւ Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին եւ նրա թիմին՝ մարտական այս գործողությունները դադարեցնելուն օգնելու համար»,- նշել է նա։

Բայդենը նշել է, որ պաշտպանում է Իսրայելի անվտանգությունն ու ինքնապաշտպանության նրա իրավունքը։

«Վերջին օրերին Իսրայելը պաշտպանում էր իր ժողովրդին «Պաղեստինի իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման ցաքուցիր հրթիռային հրետակոծություններից, եւ Միացյալ Նահանգները հպարտանում է իսրայելական «Երկաթե գմբեթին» աջակցությամբ, որը որսացել է հարյուրավոր հրթիռներ եւ փրկել բազմաթիվ կյանքեր։ Ես բարձր եմ գնահատում վարչապետ Յայիր Լապիդի ու նրա կառավարության ղեկավարությունը ողջ ճգնաժամի ընթացքում»։

Նա նշել է, որ Գազայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները ողբերգություն են։

«Իմ վարչակազմը աջակցում է այդ բոլոր հաղորդագրությունների մանրակրկիտ հետաքննությանը, եւ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հետեւել հրադադարի ռեժիմին եւ ապահովել վառելիքի եւ հումանիտար բեռների Գազա առաքումը մարտական գործողությունների դադարեցումից հետո»։

Բայդենն ասել է, որ Իսրայել եւ Արեւմտյան ափ իր այցելության ժամանակ նա հստակ հասկացրել է, որ «թե՛ իսրայելցիները, թե՛ պաղեստինցիներն արժանի են, որպեսզի ապրեն անվտանգ եւ հավասար չափով օգտվեն ազատությունից, բարգավաճումից եւ դեմոկրատիայից»։

«Իմ վարչակազմը կշարունակի փոխգործակցել իսրայելցի եւ պաղեստինցի ղեկավարների հետ, որպեսզի պաշտպանի այս տեսլականը եւ իրականացնի իմ այցի ժամանակ առաջադրված նախաձեռնությունները՝ ինչպես պաղեստինցիների, այնպես էլ իսրայելցիների կյանքի որակը բարձրացնելու վերաբերյալ»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ