News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի համար Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի մասով զիջումների հարցում «կարմիր գծեր» չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Ռուսաստանը, նրա խոսքով, կգնա զիջումների այնքան, որքան թույլ կտա իրավիճակը։

«Սակայն Ռուսաստանը դեռ այն իրավիճակում չէ, որ նման լուրջ զիջումների գնա, բայց մենք տեսնում ենք, որ ամեն ինչ շատ արագ է զարգանում, եւ երաշխիքներ չկան, թե ինչ կարող է լինել Ռուսաստանի հետ։ Բայց մոտ ապագայում այդպիսի վտանգ չկա»,- ընդգծեց նա։ Ըստ Իսպիրյանի՝ որքան վատ են Ռուսաստանի գործերն Ուկրաինայում, այնքան Ռուսաստանի համար պակաս կարեւոր է դառնում Հարավային Կովկասը, այդ թվում՝ Հայաստանը։ Դա սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանում՝ ի վնաս Հայաստանի։ «Պատմությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում որոշումները հաճախ կայացվել են մեր շահերի հաշվին։ Այդ վտանգն այսօր էլ կա։ Քանի որ խնդիրներն Ուկրաինայում խորանում են, ամենալուրջ սպառնալիքը ստեղծվում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ներկայության հետ կապված։ Թուրքիան, հասկանալով իրավիճակի բարդությունը, ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը, փորձելով պահպանել իր դիրքերըն այլ ուղղություններով, տարածաշրջանում զիջումների գնա՝ ի վնաս Հայաստանի եւ հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի»,- հավելեց նա։

Սոչիում հանդիպումը փորձագետը հաջող անվանեց թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի համար։ «Ուկրաինայում ռազմական գործողությունները փրկություն դարձան Անկարայի համար, քանի որ մինչ այդ 2023-ի ընտրությունների արդյունքներով Էրդողանի իշխանությունը պահպանելու սպառնալիքներ էին ստեղծվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թուրքական իշխանությունների համար նոր ուղղություններ են դարձել՝ իրենց հեղինակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ բարձրացնելու համար։ Սոչիի հանդիպման արդյունքում խոսվեց էներգետիկ համագործակցության, Սիրիայի, Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում պարենային խնդրի մասին։ Այդ ամենը ֆինանսական եւ էներգետիկ լուրջ հնարավորություններ տվեց Թուրքիային, այն Եվրոպայի կենտրոնը դարձավ էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Ռուսաստանի համար Թուրքիայում ավելի լայն շուկաներ բացվեցին։ Դա նշանակում է, որ Ռուսաստանին հաջողվում է Թուրքիայի միջոցով ճեղքել արեւմտյան պատժամիջոցները։ Սա անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն ավելի են ջերմանում։ Բայց այդ հարաբերությունները հիմնված են ոչ թե վստահության, այլ փոխադարձ շահերի վրա։ Երկու երկրներն էլ փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում՝ առավելագույնի ձգտելով, սակայն ստեղծված իրավիճակում նրանք ստիպված են համագործակցության գնալ»,- ասաց Իսպիրյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ