News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Լաչինի միջանցքի հանձնումն ի սկզբանե պայմանավորված է եղել: Այսօր՝ օգոստոսի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կար պայմանավորվածություն՝ 2020-23 թթ. ներկայացնելու ճանապարհի կառուցման այլընտրանքային նախագիծ, բայց Ադրբեջանը 2022 թ. կեսերին արդեն հանրությանն է ներկայացրել կառուցված ճանապարհ։ Սա հիմք է տալիս փորձագետին համոզմունք ունենալու, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում թաքուն պայմանավորվածություն է ունեցել Ադրբեջանի հետ։

«Ես ենթադրում եմ՝ կա հստակ դավաճանական գաղտնի գործընթաց, որը հանրությունից թաքցվում էր և ներկայացում էր խաղաղության դարաշրջանի համատեքստում: Բոլոր մարտահրավերները թաքցնելով՝ առաջ են տանում խաղաղության դարաշրջան հասկացությունը, որը նոր զոհերի պատճառ է դառնալու:

Երկրորդ՝ փորձագետների ուսումնասիրությունները Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին իշխանությունները որակում էին որպես ապատեղեկատվություն՝ թոզ փչելով հասարակության աչքերին: Ընդհանուր առմամբ՝ Բերձորի միջանցքի հանձնումը քաղաքական պայմանավորվածություն է: Փաստաթղթի այն կետերում, որոնք վերաբերում են Արցախին, դրանց տակ ևս կան գաղտնի պայմանավորվածություններ հետագայում զիջումներ կորզելու նպատակով»,- ասաց նա:

Գառնիկ Դավթյանը պատահական չի համարում այն, որ օգոստոսի 3-ից մեկ օր շուտ Հայաստանի զինված ուժերը դուրս են եկել Արցախից, իսկ հաջորդ օրը ադրբեջանցիները կարողացել են մխրճվել այն հատվածներում, որոնք վերահսկելի չեն եղել Արցախի պաշտպանության բանակի կողմից:

«Եղծահողի համայնքապետը հաստատեց, որ ադրբեջանական դիրքերը վերջերս են զգալի առաջ եկել: Բերձորի միջանցքի հիմնական նպատակը եղել է այն, որ ոչ միայն ստեղծել փաստաթղթով հաստատված այնպիսի քաղաքական միջավայր, որ միջանցքը պետք է տալ, այլև զգացական հիմքի վրա են խաղացել: Երբ գյուղացին, կրելով 44–օրյա պատերազմի զրկանքները, տալով այդքան զոհեր, տեսնում է, որ դիմացի բլուրի վրա ադրբեջանցի չկա, գոնե հոգեպես իրեն հանգիստ է զգում։ Կարճ ժամանակ անց այնտեղ տեսնելով ադրբեջանցի զինվորի՝ ինքն իրեն հարց է տալիս՝ ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանցիները հայտնվեցին այնտեղ։ Դրանից էլ աստիճանաբար կորցնում են վստահությունը պետության նկատմամբ։ Մարդիկ վստահ չեն՝ արդյոք հաջորդն իրենց բնակավայրը չի լինելու»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախում իրավիճակն օգոստոսի 1-ից լարված է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Ադրբեջանը խաղաղապահների միջոցով պահանջել է Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել: Հաջորդ օրը ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել էին ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Արդեն օգոստոսի 5–ին Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի և Բերձորի բնակիչներին ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարվա ընթացքում կողմերի համաձայնությամբ պետք է որոշվի այլընտրանքային ճանապարհ կառուցելու պլանը, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։ Օգոստոսի 4–ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։ Ադրբեջանը կառուցել է ճանապարհահատվածի 30 կմ-ը, որը պետք է միանա հայկական կողմի կառուցված ճանապարհին: Նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվեն ռուս խաղաղապահները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ