News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 03
USD
406.22
EUR
397.24
RUB
7.09
Տեսնել լրահոսը

Պետական բյուջեից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան՝ «Շանգրի լա»-ի (շահագործող՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ) փոխարեն վճարվել է ոչ թե 4.2 մլրդ դրամ, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ՝ 5.6  մլրդ դրամ։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Ֆինանսների նախարարությունից եւ որոշման փաստաթղթերից։

«Կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի թիվ 1052-Ն որոշման համաձայն՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ փոխարեն վճարվել է 5 570 812 500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ գումարի չափով պետական տուրք՝ 2020թ․ երրորդ եռամսյակի համար, 2020թ․ չորրորդ եռամսյակի համար եւ 2022թ․ երրորդ եռամսյակի համար, ինչպես նաեւ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները»,- մեր հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից:

2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում, խաղատունը չի գործել։ Բայց, միեւնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն պահանջել է, որ «Օնիրա Քլաբ»-ը շարունակի պետական տուրք վճարել, քանի որ խաղատան լիցենզիան շարունակել է գործող մնալ։ Խաղատունը կազմակերպող «Օնիրա Քլաբ»-ը հրաժարվել է վճարելուց, դատական քաշքշուկների մեջ է հայտնվել ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության դեմ։

Կառավարության գթասրտությունը Ծառուկյանի նկատմամբ. ինչպես «Շանգրի Լա»-ի 4.2 մլրդ դրամ պետական տուրքը մնաց հարկատուների ուսերին

Ամեն ինչ հանգուցալուծվեց, երբ Կառավարությունը որոշեց հարկատուների հաշվին փակել «Օնիրա Քլաբ»-ի պարտքերը։ Թե՛ Կառավարության ներկայացրած նախագծում, թե՛ գործադիրի հուլիսի 7-ի նիստի քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ 2022 թվականի պետական բյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի պետական տուրքը մարելու համար։ Սակայն, ինչպես երեւում է, Կառավարության հաշվարկները փոխվել են, այդ թիվը դարձել է 5.6 մլրդ դրամ, որի մեջ ներառվել են նաեւ վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը։

Հուլիսի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը պայմանավորվել է «Օնիրա քլաբ»-ի հետ. խաղատունը կգործի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից եւ արդեն չորրորդ եռամսյակի համար պետական տուրք կվճարի։

Իսկ մինչ այդ, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը եւ խնդրել խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Ստացվում է, որ մի կողմից պետությունը վճարում է երրորդ եռամսյակի տուրքը, մյուս կողմից՝ ընկերությունը նույն եռամսյակում լիցենզիան կասեցնելու դիմում է ներկայացնում։ Օրենքով, եռամսյակային տուրքը վճարվում է նշված եռամսյակի մեկնարկից մի քանի օր առաջ, որով էլ պայմանավորված, գոյացել է ընկերության երրորդ եռամսյակի տուրքը, որը մարվել է պետության կողմից։

Կառավարության որոշման մեջ նշված է, որ ֆինանսների նախարարի 2022 թվականի հուլիսի 12-ի հրամանով ընկերության դիմումի հիման վրա վերջինիս տրված խաղատան լիցենզիայի գործողությունը կասեցվել է մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ գտնվելու վայրով պայմանավորված՝ «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տարեկան պետական տուրքը, ըստ օրենքի, կազմում է 5.5 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ