News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահը։ 

Ցուցադրության մեջ տեղ են գտել քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, այդ թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա․ 6-րդ հազ. թվագրվող քարե կացին, Ք.ա․ 5-րդ հազ. փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի եւ կիրառվել է նախնադարյան մարդու կողմից՝ հատկապես թաղման ծեսում։

Ներկայացված է լինելու 2008 թ. Արենի-1 քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա․ 3600-3500 թթ․։ Այն կցուցադրվի ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նեշց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանը, ցուցահանդեսը մշտապես թարմացվելու է, որպեսզի պահպանվի հասարակության  հետաքրքրությունը։

«Թանգարանին  նոր կյանք է հաղորդվում։ Այս ուղղությամբ գործադրվող ջանքերն իրենց կարդարացնեն։ Սա թիմային աշխատանք է: Կարեւոր է ստեղծել նման հարթակ, որպեսզի մշտապես թարմացվող տեղեկատվությունը հասանելի լինի հանրությանը, հատկապես երիտասարդ սերնդին: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ մենք կարող ենք հպարտանալ մեր երկրի գտածոներով։ Հուսով եմ, որ այս միտումը երկարաժամկետ բնույթ կունենա»,-ասաց գիտնականը։

Նա ոտնամանի հայտնաբերումն անվանել է համաշխարհային մակարդակի ձեռքբերում։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը պարզաբանեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է առաջատար մասնագետների եւ գիտնականների սերտ համագործակցությամբ՝ մատնանշելով մշակութային առանձնահատկությունները համակողմանիորեն ցուցադրելու, այցելուներին գիտելիքներ փոխանցելու եւ նրանց դրական հույզերով լիցքավորելու կարեւորությունը։

Նա հայտնեց, որ առաջիկա ամիսներին կհայտարարվեն այլ ցուցահանդեսների, կրթական ծրագրերի, քննարկումների, գիտակրթական միջոցառումների մասին։

«Հայաստանի պատմության թանգարանում պահվող հազարամյա ժառանգությունը պետք է ավելի հասանելի լինի հանրությանը։ Մենք կիսում ենք այն մոտեցումը, որ գիտությունը պետք է դառնա զարգացման կարեւոր ռեսուրս։ Այս հարթակը նաեւ Պատմության թանգարանն է»,-վստահեցրեց Պողոսյանը։

Նա նաեւ նշեց բոլոր միջոցների ձեռնարկման կարեւորությունը՝ բոլոր գտածոները պատշաճ մակարդակով պահպանելու համար։

Բանախոսները բարձրացրեցին նաեւ վերականգնողների աշխատանքի գրավչության բարձրացման անհրաժեշտությունը՝ աշխատավարձերի բարձրացման եւ նման մասնագետների վերապատրաստման բարեփոխման միջոցով։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հայտարարեց երկրում թանգարանների միասնական համակարգի ստեղծման մասին։

«Մրցույթը կտեւի առնվազն 4 ամիս։ Հուսով ենք, որ մինչեւ հաջորդ գարուն բոլոր թանգարանները կմիավորվեն մեկ միասնական համակարգում, եւ ամեն ինչ պատրաստ կլինի հաջորդ զբոսաշրջային սեզոնին։ Հնարավոր է գնային քաղաքականությունը վերանայվի, բայց չեմ կարծում, որ լուրջ տատանումներ կլինեն։ Հուսով ենք, որ նոր համակարգը թույլ կտա ճկուն գնային քաղաքականություն վարել»,-եզրափակեց պաշտոնյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ