News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի արդյունաբերական հսկաները ամիսներ շարունակ վախենում էին, որ այս ձմռանը գազի պակասը կխաթարի իրենց արտադրությունը, սակայն նույնիսկ վառելիքի առկայության դեպքում ընկերությունները գտնում են, որ չեն կարող նույն քանակով արտադրություն թույլ տալ:

«Խոսքը անջատումների մասին չէ։ Խոսքը գնի, արժեքի մասին է», - բացատրել է Traton SE-ի գործադիր տնօրեն Քրիստիան Լեւինը:

Եվրոպան գազի համար վճարում է յոթ անգամ ավելի, քան ԱՄՆ-ը, ինչը վկայում է մայրցամաքի արդյունաբերության մրցունակության կտրուկ անկման մասին եւ սպառնում է երկարաժամկետ վնաս հասցնել տնտեսությանը: Քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնապատկել է իր ռազմական գործունեությունը Ուկրաինայում, Եվրոպայում մոտ ժամանակներս գազի հոսքի եւ զգալիորեն ցածր գների վերականգնման նշանները քիչ են, նշում են լրատվամիջոցները:

Տնտեսական վերափոխման նշաններն արդեն տեսանելի են. Գերմանիան՝ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը, կրճատել է իր սովորական առեւտրային հավելուրդը, քանի որ էներգիայի ներմուծման թանկացող ծախսերը փոխհատուցում են ավտոմեքենաների եւ սարքավորումների թանկարժեք արտահանումը, եւ քիմիական ընկերությունները սկսել են արտադրությունը երկրից դուրս տեղափոխել: Անցյալ ամիս գերմանական արտադրողների գներն աճել են ռեկորդային 46 տոկոսով։

Պլաստմասսա արտադրող Covestro AG ընկերությունը ներդրումներ չի կատարի Եվրոպայում, եթե ճգնաժամը շարունակվի, եւ փոխարենը իր հայացքը կուղղի դեպի Ասիա, որտեղ գործադիր տնօրեն Մարկուս Ստեյլեմանը ասում է, որ ընկերությունը կարող է էներգիա մատակարարել Գերմանիայում եւ Եվրոպայում սփոթ շուկայի արժեքից 20 անգամ ավելի թանկ: Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրող Volkswagen-ը հինգշաբթի նախազգուշացրել է, որ, էներգիայի գների չնվազելու դեպքում,կարող է վերաբաշխել արտադրությունը Գերմանիայից եւ Արեւելյան Եվրոպայից:

Հանգստյան օրերին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մի խումբ բիզնես առաջնորդների հետ կմեկնի Մերձավոր Արեւելք, որտեղ կփորձի բնական հեղուկ գազի ձեռքբերման գործարքներ ապահովել Սաուդյան Արաբիայի եւ Կատարի հետ՝ փոխհատուցելու ռուսական մատակարարումների կրճատումները:

Սակայն բանակցությունները դժվարանում են, քանի որ գազի մատակարարները, ներառյալ Կատարը, կոշտ խաղ են խաղում՝ հնարավոր գործարքների գնի եւ ժամկետների հարցում, ասել են գերմանացի պաշտոնյաները: Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մատակարարների հետ քննարկումները նույնքան դժվար են դարձել՝ ընդգծելով Շոլցի դժվարին պայքարը:

Covestro-ն ակնկալում է, որ 2022 թվականին իր վառելիքի արժեքը կկազմի 2,2 միլիարդ եվրո, ինչը գրեթե չորս անգամ գերազանցում է 2020 թվականի ծախսերը:

«Ներկայիս գների մակարդակով Գերմանիայի էներգատար արդյունաբերությունն այլեւս մրցունակ չէ համաշխարհային շուկայում։ Քիմիական մի շարք նյութերի համար ԱՄՆ-ից կամ Չինաստանից ներկրումն արդեն ավելի մատչելի է, քան դրանք տեղում արտադրելը», - ասել է Covestro-ի ներկայացուցիչը:

Հնարավորության դեպքում արտադրողները, ներառյալ Volkswagen-ը եւ BMW AG-ն, գազից անցնում են նավթի կամ ածուխի` բիզնեսը շարունակելու համար: Սակայն որոշ էներգատար արդյունաբերություններ, ինչպիսիք են մետաղները, թուղթը եւ խեցեղենը, դարձել են անկայուն՝ ստիպելով աճող թվով ընկերությունների փակել գործարանները, արտադրությունը տեղափոխել արտասահման կամ, ինչպես քիմիական հսկա BASF SE-ն, ներմուծել առանցքային նյութեր, ինչպիսիք են ամոնիակը, մրցակիցներից: Mercedes-Benz AG-ն իրականում ընդլայնում է հիմնական ավտոպահեստամասերի արտադրությունը՝ գերմանական գործարանների փակման դեպքում պաշարներ կուտակելու համար:

«Այս բեռը երկարաժամկետ վնաս է հասցնում մեր տնտեսության արդյունաբերական միջուկին», - ասել է VIK-ի կառավարիչ տնօրեն Քրիստիան Զայֆերտը եւ հավելել, որ իրենք կոչ են անում քաղաքականություն մշակողներին վճռական քայլեր ձեռնարկել, որպեսզի Գերմանիան եւ Եվրոպան՝ որպես բիզնեսի վայր, միջազգայնորեն հետ չմնան:

Եվրոպայում կառավարությունները, որտեղ արտադրությունը կազմում է տնտեսության մոտ մեկ քառորդը, արտակարգ գործողություններ են ձեռնարկում կոմունալ ծառայություններին աջակցելու եւ ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: Այս շաբաթ Մեծ Բրիտանիան հայտարարել է 44,8 միլիարդ դոլար արժեքով ծրագրի մասին, որը վեց ամսով կսահմանափակի բիզնեսին գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարելու պայմանագրերում օգտագործվող էներգիայի մեծածախ գինը:

Գերմանիան, որը մեծապես կախված է ռուսական գազից, ավելի շատ է տուժել էներգակիրների պակասից, քան իր հարեւաններից շատերը: Սակայն մայրցամաքի մնացած մասը գտնվում է նմանատիպ անախորժության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի փոքր եւ միջին բիզնեսին հորդորել է զերծ մնալ «խելագար գներով» նոր էներգետիկ պայմանագրերի ստորագրումից՝ ասելով, որ կառավարությունները վերանայում են գազի եւ էլեկտրաէներգիայի արժեքը։

Խաղադրույքները, հավանաբար, ամենաբարձրն են Գերմանիայում, որտեղ արդյունաբերական արտադրությունը կազմում է տնտեսության մոտ 30 տոկոսը եւ աշխատում է մոտ 1,15 միլիոն մարդ: Էներգատար գործարաններն ամբողջ երկրում արտադրում են ամեն ինչ՝ մեքենաների փոխանցման բաղադրամասերից մինչեւ ամենօրյա պլաստիկի քիմիական նյութեր: Covestro-ն, որը նյութեր է արտադրում շինարարության եւ ավտոմոբիլային արդյունաբերության համար, ասում է, որ պահանջարկը սկսում է նվազել:

«Մենք աստիճանաբար կորցնում ենք մեր հաճախորդներին: Մենք ունեցել ենք սնանկությունների աճ, փակման դեպքերի աճ եւ շատ զուսպ գնումներ», - ասել է Սթեյլեմանը:

Գերմանիան այս շաբաթ հայտարարել է, որ ազգայնացնելու է երկրի խոշորագույն գազ ներկրող Uniper SE-ն՝ 8 միլիարդ եվրոյով, եւ երկիրը պատրաստ է հոկտեմբերի 1-ից գազի հարկ սահմանել, որը կտարածի էներգիայի մեծածախ գների աճը տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ