Արցախի հակամարտությունը բացարձակ նման չէ տարածքային վեճի, խնդիրը վերաբերում է արցախահայությանը, նրա կյանքի իրավունքին։ Ուստի, եթե նույնիսկ Հայաստանը կամ ինչ-որ երկիր որոշեն ձեռքերը լվանալ Արցախից, խնդիրը մնում է, սա բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների խնդիրն է, եւ այն պետք է լուծվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորՎլադիմիր Վարդանյանը։
Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության, թե իշխանությունը մտադիր է ապամոնտաժել Արցախում պետական կառույցները, պատգամավորը կոչ արեց ուսումնասիրել վերջին տարիներին Հայաստանի իշխանության կողմից Արցախին ցուցաբերվող օգնության չափը։
«Ոչ ոք ձեռքերը չի լվացել Արցախից։ Եթե մենք խոսում ենք ժողովրդի իրավունքի մասին, ապա դրա ենթատեքստը վեր է ցանկացած տարածքային հակամարտությունից։ Վերջին օրերին մենք ականատես եղանք այն բարբարոսությանը, որը բնորոշ է ԴԱԻՇ-ի գործունեությանը։ Սա դիվանագիտական կոշտ հակահարվածի առիթ էր։ Միջազգային հանրությունը պետք է իմանա, թե ում հետ գործ ունենք, ինչ սպառնալիքներ կարող են լինել։ Դրանք պետք է հասցվեն զրոյի»,-եզրափակեց պատգամավորը։