News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը հիասթափված է նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ-ի որոշումից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմին եւ Կոնգրեսին կոչ է անում ԱՄՆ-ի էներգառեսուրսների արտադրությունն ավելացնելու եւ ՕՊԵԿ-ի վերահսկողությունը էներգիայի գների վրա թուլացնելու ուղիները փնտրել՝ կարտելի կողմից արդյունահանման «անհեռատես» կրճատումից հետո, հայտարարել է Սպիտակ տունը:

Բայդենը նաեւ կշարունակի թողարկումները նավթային ազգային ռազմավարական պաշարից՝ ըստ անհրաժեշտության, ասվում է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եւ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Բրայան Դիզի հայտարարության մեջ:

«Նախագահը հիասթափված է արդյունահանման քվոտաները կրճատելու OPEC+-ի անհեռատես որոշումից, մինչդեռ համաշխարհային տնտեսությունը բախվում է Ուկրաինա պուտինյան ներխուժման շարունակական բացասական ազդեցությանը։ Այն ժամանակ, երբ համաշխարհային էներգիայի մատակարարումների պահպանումն առաջնային է, այս որոշումը ամենաբացասական ազդեցությունը կունենա ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների վրա, որոնք արդեն իսկ տուժում են էներգակիրների բարձր գներից:

Նախագահը ամերիկյան էներգետիկ ընկերություններին նաեւ կոչ է անում շարունակել նվազեցնել բենզալցակայաններում գները՝ կրճատելով բենզինի մեծածախ եւ մանրածախ գների պատմականորեն մեծ տարբերությունը, որպեսզի ամերիկացի սպառողները ավելի քիչ վճարեն լիցքավորման համար:

Այսօրվա գործողությունների լույսի ներքո Բայդենի վարչակազմը նաեւ լրացուցիչ գործիքների եւ լիազորությունների վերաբերյալ խորհրդակցություններ կանցկացնի Կոնգրեսի հետ՝ էներգակիրների գների վրա ՕՊԵԿ-ի վերահսկողությունը թուլացնելու համար:

Վերջապես, այսօրվա հայտարարությունը հիշեցում է այն մասին, թե ինչու է կարեւոր, որ Միացյալ Նահանգները նվազեցնի իր կախվածությունը հանածո վառելիքի արտասահմանյան աղբյուրներից:

Միեւնույն ժամանակ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է շուկա էներգակիրների մատակարարումն ապահովելու ուղղությամբ:

Չիլիում մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե արդյոք հիասթափված է ԱՄՆ դաշնակից Սաուդյան Արաբիայից՝ կրճատումներին համաձայնելու համար, Բլինքենը պատասխանել է, որ Վաշինգտոնը «շատ շահեր ունի Սաուդյան Արաբիայում»: «Մենք ամեն աստծո օր աշխատում ենք, որպեսզի հնարավոր ամեն ինչ անենք, որ էներգիայի մատակարարումներն իսկապես բավարարեն պահանջարկը, եւ երաշխավորենք, որ վառելիքը շուկա դուրս գա, իսկ գները ցածր մնան»,- ասել է Բլինքենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ