News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպումը պետք չէ գերագնահատել, այն ճանաչողական բնույթ ուներ, կարծես երկար էլ չի տեւել, այսինքն սկզբունքային հարցեր չեն քննարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Այն հայտարարությունը, որով հանդես եկավ Թուրքիայի նախագահ էրդողանը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո, ըստ էության, վերահաստատեց Թուրքիայի դիրքորոշումը, որը հետեւյալն է՝ նախապայմանների, պահանջների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրել եւ հասնել նրան, որ Հայաստանը գնա  զիջումների Արցախի հիմնահարցում, չի  բացառվում նաեւ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Թուրքիան շարունակում է այդ հանդիպումից հետո էլ իր նախապայմանների քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Այս պայմաններում ակնկալիքները, թե կարող են հարաբերություններն արագ կարգավորվել, ամեն դեպքում, ես չունեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կկարգավորվեն, երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, Սաֆրաստյանն ասաց. «Ամեն ինչ պարզ ասված է եւ պետք է դա հաշվի առնել, հաշվի չառնել հնարավոր չէ»:

Թուրքագետի խոսքով, Էրդողանն ակնարկում էր, որ Թուրքիան համաձայն է Հայաստանի հետ շարունակել բանակցային գործընթացը. «Այսինքն եթե եղել է, ասենք, 4 հանդիպում, Թուրքիան համաձայն է, որ լինի 5-րդը: Բացի նախապայմաններից, Թուրքիան բանակցություններում փոքր-փոքր քայլեր է կատարում, որոնք կարծես թե բարենպաստ են, բայց իրականում խուսափում է սկզբունքային քայլ կատարելուց, որն իսկապես կարեւոր կլինի հարաբերությունների հաստատման, կարգավորման եւ սահմանի հաստատման համար: Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությանը»:

Հարցին, թեինչ տպավորություն է ստացել Նիկոլ Փաշինյանի հետ Էրդողանի ու Ալիեւի հարաբերվելու կադրերը դիտելով, նա արձագանքեց. «Իմ տպավորությունները հետեւյալն են, որ մենք ի դեմս Էրդողանի, գործ ունենք շատ փորձառու եւ խորամանկ, իրադրությունը գնահատող գործչի հետ: ԽՍՀՄ-ի ժամանակ ԱՄՆ-ում կար գիտության մի ոլորտ, որը կոչվում էր կրեմլագիտություն: Այնտեղ ուսումնասիրում էին, որ ԽՍՀՄ ղեկավարները պաշտոնական հանդիպումների ժամանակ դեմքի ինչ արտահայտություն ունեն, ինչպես են իրար հետ հաղորդակցվում եւ փորձում էին դրա վրա վերլուծություններ անել, որ հասկանան ԽՍՀՄ քաղաքականությունը: Հիմա  աշխարհը բաց է, այդպիսի կարիք չեմ տեսնում: Ակնհայտ է, որ Էրդողանը մեծ փորձ ունի եւ դա արտահայտվում է, իհարկե»,-ասաց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ