
Հեղինակավոր տնտեսագետ Ջերեմի Սիգելը քննադատել է ԱՄն Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը, որը նպատակ ունի պայքարել գնաճի դեմ:
«Եթե նրանք շարունակեն բարձրացնել տոկոսադրույքները ռեցեսիայի ռիսկերը չափազանց բարձր կլինեն», - ասել է տնտեսագետը` CNBC-ին տված հարցազրույցի ընթացքում:
Փենսիլվանիայի համալսարանի «Ուորթոն բիզնես դպրոցի» պրոֆեսոր Սիգելը նշել է, որ նա առաջիններից էր, ով 2020 եւ 2021 թվականներին Դաշնային պահուստային համակարգին նախազգուշացրել է, որ գնաճը կարող է ուժգնանալ, եւ որ պետք է շատ ավելի վաղ սկսեր խստացնել իր դրամավարկային քաղաքականությունը: Սակայն այժմ նա մտավախություն ունի, որ ԱՄՆ-ի տնտեսության անկումը կանգնեցնելու համար արդեն ուշ է:
Դաշնային պահուստային համակարգն այս տարի հինգ անգամ բարձրացրել է տոկոսադրույքները. վերջին երեք անգամները`բարձրացնելով 75-ական բազիսային կետով՝ 3 -ից մինչեւ 3,25 տոկոս:
Տարեկան կտրվածքով գնաճը դանդաղել է՝ հունիսի 9,1 տոկոսից հուլիսին իջնելով մինչեւ 8,5 տոկոսի, իսկ օգոստոսին՝ 8,3 տոկոս: Սակայն դա բավարար չէ Դաշնային պահուստային համակարգի համար, որը նշել է, որ, ամենայն հավանականությամբ, կշարունակի բարձրացնել տոկոսադրույքները:
Սեպտեմբեր ամսվա աշխատատեղերի զեկույցը ցույց է տվել, որ գործատուները դանդաղեցրել են աշխատանքի ընդունումը, ինչը կարող է ցույց տալ, որ Դաշնային պահուստային համակարգին հաջողվել է որոշակիորեն դանդաղեցնել տնտեսությունը: Միեւնույն ժամանակ գործազրկության մակարդակը նվազել է, ինչը կարող է համակարգին թույլ տալ ավելի շատ տեղ տալ տոկոսադրույքների հերթական բարձրացմանը:
Սիգելը, սակայն, պնդում է, որ այս փուլում գնաճը չպետք է լինի հիմնական մտահոգությունը: Ընթացիկ տոկոսադրույքները, ըստ Սիգելի, բավարար են գնաճը մինչեւ 2 տոկոսի իջեցնելու համար, ինչը եւ համակարգի թիրախն է:
Իր հերթին, Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հասկացրել է, որ, չնայած տնային տնտեսությունների եւ բիզնեսի համար «ցավալի» լինելուն, ինքը հավատարիմ է գնաճի նվազեցմանը, իսկ իր համար դա տոկոսադրույքների բարձրացում է նշանակում: