News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 12–ին, տեղի է ունենում նորընտիր ավագանու առաջին նիստը։

Օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության, համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի, համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու, եւ նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին հարցերն են։

«Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրեց ընտրական ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանի թեկնածությունը։ ՔՊ–ն եւ ՀԱԿ–ը թեկնածուներ չառաջադրեցին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում քաղաքական 4 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել են 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» թեեւ չէր հաղթահարել անցողիկ շեմը, բայց օրենքի ուժով՝ 1 մանդատ ստացավ, որովհետեւ համաձայն օրենքի, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։

Ընտրություններից մեկ շաբաթ անց «Ապրելու երկիր» եւ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություններն Ալավերդի համայնքի կառավարման հարցով հուշագիր ստորագրեցին։ Կուսակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնեցին, որ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրում եւ ընտրում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի թեկնածու են առաջադրում եւ ընտրում «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվում է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը։

Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր, Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը կստանձնեն «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները, մնացած բնակավայրերի ղեկավարումը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները։

Ալավերդի խոշորացված համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արեն Մկրտչյանը ինքնաբացարկ է հայտնել։ Նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տպել
Ամենաշատ