News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 12–ին, նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ. Արմեն Հակոբջանյանը ստացել էր 9, իսկ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը՝ 7 ձայն։

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15–ին, ժամը 11։00–ին, իսկ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28–ին, ժամը 11։00–ին։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ նորընտիր ավագանու առաջին նիստին ոչ բավարար ձայների պատճառով համայնքի ղեկավար չընտրվեց։ Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ Արմեն Հակոբջանյանը, Հայկ Առաքելյանը եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող  Սեւակ Մուսաթյանը։

Թեկնածու չէր առաջադրել «Մեկ Հայաստան» կուսակցությունը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամներն էլ ներկա չէին նիստին։

Արմեն Հակոբջանյանը ստացել էր 8, Հայկ Առաքելյանը՝ 7, իսկ Սեւակ Մուսաթյանն էլ 2 ձայն։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ:

Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Առավելագույն ձայներ ստացած թեկնածուները Արմեն Հակոբջանյանն ու Հայկ Առաքելյանն էին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սիսիանում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է։ Մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 8, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններն էլ՝ 2–ական մանդատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ