News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում:

Պետերբուրգյան հյուրախաղերը կանցկացվեն ‹‹Համաշխարհային գլուխգործոցներ›› խորագրի ներքո, որը թույլ կտա նվագախմբին ներկայանալ իր կատարողական հնարավորությունների ողջ հմայքով:

Կհնչեն Ա. Խաչատյանի,  Ալ. Սպենդիարյանի,  Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Յ. Սիբելիուսի ստեղծագործությունները: Համերգների մենակատարներն են թավջութակահար Դալի Գուցերիևան և դաշնակահար Ադամ Գուցերիևը:

Նոյեմբերի 30-ին նվագախումբը հանդես կգա Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում՝ կատարելով Ա. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Պ. Ի. Չայկովսկու Վարիացիաներ Ռոկոկո թեմայով՝ գրված թավջութակի և նվագախմբի համար և Յ. Սիբելիուսի Սիմֆոնիա թիվ 2-ը: Մենակատարն է թավջութակահար Դալի Գուցերիևան, որը Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է. այժմ որպես ասպիրանտ կրթությունը շարունակում է կոնսերվատորիայում։ Դալին միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, դասական երաժշտության սիրահարների շրջանում ճանաչում է ձեռք բերել՝ որպես Ռուսաստանի տաղանդավոր երիտասարդ թավջութակահարներից մեկը։ Նա հաջողությամբ հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար դիրիժորների՝ Վ. Սպիվակովի, Դ. Օրենի, Ա. Վեդերնիկովի, Դ. Գերինգասի և ուրիշների հետ։

Դեկտեմբերի 1-ին Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում Ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչեն Ա. Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Ֆ. Լիստի թիվ 1 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Պ. Ի. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը: Մենակատարը երիտասարդ դաշնակահար Ադամ Գուցերիևն է: Նա Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցի սան է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ադամը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր է: Նա հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական և Սիլեզիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ելույթ է ունեցել դիրիժորներ Ա. Վեդերնիկովի, Դ. Օրենի, Դ. Գերինգասի, Կ. Լ. Վիլսոնի և այլոց հետ։

Տպել
Ամենաշատ