News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության բանակի «Գիվատի» բրիգադի զինվորները կասկածվում են այս ամսվա սկզբին Երուսաղեմի Հին քաղաքում երթի ժամանակ հայ արքեպիսկոպոսի եւ այլ ուխտավորների ուղղությամբ թքելու մեջ, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Haaretz-ին։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում հետեւակային զինծառայողների ոչ միանշանակ վարքագծի դեպքերի շարքից վերջինն է:

Հաղորդագրության համաձայն՝ երկու զինծառայողների ոստիկանները բերման են ենթարկել, իսկ ընդհանուր առմամբ երեքը հարցաքննվել են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) կողմից։ «Անհարգալից պահվածքի» համար երկու զինվորներ կարգապահական պատասխանատվության կենթարկվեն։

Եկեղեցու պաշտոնյաները հայտնել են, որ նոյեմբերի 7-ին Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքության մեծ լուսարարապետ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ միասին գլխավորել է երթը, որին մասնակցել են արտերկրից ժամանած ուխտավորներ՝ նշելու Սուրբ Խաչի տոնը։

Շքերթը սկսվել է Տիրոջ Գերեզմանի եկեղեցուց եւ, հասնելով բազարի հրապարակ, անցել է «Գիվատի»-ի մի քանի զինվորների կողքով, որոնցից ոմանք թքել են մասնակիցների ու խաչի վրա, որը նրանք տանում էին։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Կորյուն Բաղդասարյանը Haaretz-ին ասել է, որ թեեւ եկեղեցին նախկինում նման վարքագծի բախվել է Երուսաղեմի կրոնավոր հրեաների կողմից, «սա առաջին անգամ է, որ զինվորները թքում են մեզ վրա, խաչի վրա եւ այնտեղ գտնվող քահանաների վրա»։ «Նրանք կանգնած էին այնտեղ եւ իրենց ատելությունն էին արտահայտում խաչի ու քրիստոնեության հանդեպ»,- ասել է նա:

Երթին ուղեկցող իսրայելական ոստիկանությունը ձերբակալել է երկու զինվորի, որոնցից մեկն ազատ է արձակվել հարցաքննությունից հետո։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորներից մեկը պնդել է, թե միայն գետնին է թքել, ոչ թե ուխտավորների վրա։

Եկեղեցու ներկայացուցիչները բողոք են ներկայացրել ոստիկանություն, իսկ դեպքի հաջորդ օրը նրանց կանչել են ցուցմունք տալու։

Ըստ Haaretz-ի՝ ոստիկանական հետաքննությունը դեռ շարունակվում է։

ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «դեպքի վայրում ներկա երկու զինվորներ իրենց անհարգալից են պահել քահանաների նկատմամբ»՝ չմանրամասնելով ենթադրյալ իրավախախտումները: «Զինվորներին կանչել են անհապաղ հետաքննության համար, իսկ անցյալ շաբաթ հետաքննություն է անցկացվել «Գիվատի» բրիգադի հրամանատարի ղեկավարությամբ։ Առաջիկա օրերին զինվորը կկանգնի կարգապահական դատարանի առջեւ»,- ասել են զինվորականները։

Զինվորականները նաեւ հայտարարել են, որ «քահանաների երթի կողքով անցած նորակոչիկը գետնին է թքել» եւ «միջադեպը չի համապատասխանում ՑԱԽԱԼ-ի արժեքներին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ