News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 75 պատգամավոր: Դեմ քվեարկող պատգամավոր չի եղել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը:

Հատկանշական է, որ ՔՊ խմբակցությունն ունի ընդամենը 71 պատգամավոր, մինչդեռ Հայկ Գրիգորյանն ստացել է 75 կողմ ձայն: Ամենայն հավանականությամբ նրան կողմ են քվեարկել նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշ պատգամավորներ:

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու երդվեց՝ պարտականությունները կատարել ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

Հայկ Գրիգորյանը ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 15-ին։ 1994-1996 թթ. Գրիգորյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Սովորել է և ավարտել է ՌԴ ՊՆ ռազմական համալսարանի հատուկ ֆակուլտետի դատախազաքննչական բաժինը։ Նա պատրաստել է նաև դոկտորական ատենախոսություն ու պաշտպանել այն, ինչից հետո վերջինիս շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեությունը սկսվել է 2001 թվականին` ՀՀ դատախազությունում` զինվորական դատախազության Երևանի 2-րդ և 3-րդ կայազորներում եղել է քննիչ ստաժոր, ապա քննիչ, այնուհետև ավագ քննիչ (2001-2006 թթ.)։ 2009 թվականից աշխատել է պաշտպանության նախարարությունում, որպես քննչական ծառայության վերահսկողության մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ, ապա ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնի պետ։ 2014 թվականից աշխատել է քննչական կոմիտեում, 2018-2021 թթ. ՔԿ նախագահ էր։

Հայկ Գրիգորյանը արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական է։

Նշենք, որ նա ընտրվեց ԲԴԽ նախկին անդամ ԳրիգորԲեքմեզյանի փոխարեն, որը հոկտեմբերի 10-ին դադարեցրել էր իր լիազորությունները և հայտնել, որ խորհրդի անդամի երդումը հնարավորություն չէր տալու ազատորեն բարձրաձայնել առկա խնդիրների մասին և որոշել էր այդ ամենն անել խորհրդից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ