News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է այս ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքում «ապոկալիպսիսի» մասին, եթե ենթակառուցվածքներին ռուսական օդային հարվածները շարունակվեն, սակայն պնդել է, որ այժմ կարիք չկա բնակիչներին տարհանելու, թեեւ նրանք պետք է պատրաստ լինեն դրան:

«Կիեւը կարող է մնալ առանց լույսի, ջրի եւ ջերմության։ Ապոկալիպսիս կարող է տեղի ունենալ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով անհնար է տներում ապրել»,- ասել է Կլիչկոն Reuters-ին տված հարցազրույցում։ «Բայց մենք պայքարում ենք եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»,- շարունակել է նախկին բռնցքամարտիկը:

Այդուհանդերձ պատկերը մռայլ է՝ մայրաքաղաքում բացակայում են ջեռուցվող ապաստարանները, որոնք կտեղավորեն բոլոր 3,6 միլիոն բնակիչներին ամբողջական հոսանքազրկման դեպքում, եւ մարդիկ պետք է պատրաստ լինեն տարհանման, եթե իրավիճակը վատթարանա, ասել է Կլիչկոն: «Այս պահին մենք պատրաստել ենք մոտ 500 ինքնավար ջեռուցման հանգույց, սակայն 3 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար 500 միավորը ոչինչ է»,- նշել է նա։

Կլիչկոն ուրվագծել է հնարավոր սցենարներից մեկը, երբ քաղաքը կարող է մնալ առանց կենտրոնացված ջեռուցման մինչեւ գարուն, երբ ջերմաստիճանը կարող է իջնել մինչեւ -15 աստիճան Ցելսիուս:

«Եթե դեռ էլեկտրաէներգիա չմատակարարվի, եւ օդի ջերմաստիճանը ցածր մնա, ցավոք, մենք ստիպված կլինենք ջուրը հեռացնել ջեռուցման համակարգից։ Հակառակ դեպքում ջուրը կարող է սառչել եւ պայթեցնել ջրամատակարարման ողջ ցանցը, եւ շենքերն այդ ժամանակ լիովին ոչ պիտանի կլինեն հետագա օգտագործման համար»։

Կլիչկոն կոչ է արել բնակիչներին սննդի եւ ջրի վթարային պաշարներներ պատրաստել, ինչպես նաեւ պատրաստ հագուստ ու փաստաթղթեր ունենալ՝ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում արագ հեռանալու համար։

Սակայն ներկայումս տարհանման կարիք չկա, ասել է նա, քանի որ քաղաքում էլեկտրաէներգիայի ընդամենը 20 տոկոս դեֆիցիտ կա, իսկ պայմանները մնում են կայուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ