News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանն արտահանում է ավելի շատ գազ, քան արտադրում է, այնտեղ կա նաև ռուսական գազ, որը Ռուսաստանից գնում են ու վաճառում ավելի թանկ գնով, և նրանք երկերեսանիությամբ են զբաղվում։ Այս մասին «Կոնցեպտուալ Հարթակին» տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն:

«Ես  կարծում են, որ կարևոր է, որ ֆրանսիական պատգամավորները բարձրաձայնեն այդ փաստերի մասին, որովհետև ֆրանսիական դիվանագիտությունը դա չի անում, եվրոպական դիվանագիտություն գոյություն էլ չունի, ամերիկյան դիվանագիտությունն էլ դրանով չի զբաղվում… Ամերիկացիներն ասում են, որ կպաշտպանեն հայերի իրավունքներն ադրբեջանական տիրապետության տակ։ Ո՞վ է պատրաստվում դա անել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ եվրոպական երկրների կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում մրցակցություն կա ազդեցությունների համար, Բուայեն ասաց. «Իհարկե, կա մրցակցություն, կան նաև խորքային պատմական կապեր։ Ես հիշում եմ, թե ինչպես էր արքայազն Չարլզը մեկնել Ստամբուլ, որպեսզի մասնակցի Առաջին համաշխարհայինի ժամանակ տեղի ունեցած Գալիպոլի ճակատամարտի հիշատակի օրվան, և դա այնպես էր արվել, որ նշվի հենց ապրիլի 24-ին, հայերի Ցեղասպանության օրը։ Էրդողանը հատուկ էր փոխել այդ օրը, որ այն համընկնի հայերի Ցեղասպանության հիշատակի օրվան հետ։ Ցավոք, արքայազն Չարլզը մասնակցեց այդ խաղին, իհարկե, բրիտանական կառավարության մասնակցությամբ։ Մենք տեսնում ենք, որ խորքային պետությունը միշտ գործում է, այդ կապերը, իհարկե, այլասերված են, և դա այստեղ ևս արտահայտվում է»:

Հարցին, թե ինչպիսին կլինի միջազգային հանրության արձագանքը, եթե Արցախում ականատես լինենք իրական էթնիկ զտումներին, ֆրանսիացի պատգամավորը պատասխանեց. «Ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես հիմա է։ Իհարկե, միջազգային հանրությունը կարձագանքի, բայց ինձ թվում է, որ հիմա միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն ձև է անում, որ այնտեղ միջազգային դիտորդներ է ուղարկում, ես ինքս էլ եմ խնդրել ԵԱՀԿ-ում դա անել, բայց, մեր մեջ ասած, դա սուտ է, որովհետև մենք առանց այդ էլ լավ գիտենք, թե այնտեղ ինչ է կատարվում։

Բայց դա ինչ-որ քայլ է։  Ադրբեջանը հրաժարվում է ընդունել դիտորդներին, ասենք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին, որպեսզի զննեն մշակութային արժեքների ոչնչացման մասին տեղեկությունները։ Ազգային ժողովում մենք մեր արտգործնախարարից պահանջում էինք, որ նախարարությունն արձագանքի 44-օրյա պատերազմի ժամանակ, Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է, որն այն ժամանակ դեռ գոյություն ուներ, և ԱԳՆ ներկայացուցիչը կրկնում էր՝ նեյտրալություն, նեյտրալություն, նեյտրալություն:

Նույն ձևով Թուրքիան խոսում էր Կիպրոսի մասին, մենք այն ժամանակ էլ չարձագանքեցինք, և տիկին Ֆոն դեր Լայենը գնում է Բաքվում գրկելու պարոն Ալիևին ու ստորագրելու այդ անամոթ պայմանագիրը… Մեր պառլամենտները պետք է արտահայտվեն այդ դեպքերի մասին։  Ճիշտ է նաև, որ թուրքական ներթափանցումն Անգլիայում ու Գերմանիայում շատ ուժեղ է։ ԵՄ-ում Թուրքիան շատ դաշնակիցներ ունի»:

Բուայեի համար անհասկանալի է ԱՄՆ-ի վարքը. «Այն, ինչն անում են Ուկրաինայի համար, ինչո՞ւ նույնը չեն անում Հայաստանի համար։ Դա իրենց համար հնարավորություն է այդ զոնայում ունենալ ազդեցություն, որտեղ նրանք դա չունեն, սակայն նրանք ամբողջովին գտնվում են Թուրքիայի ազդեցության տակ»:

Տպել
Ամենաշատ