News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մենք հայտնվել ենք վտանգավոր իրավիճակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Ուկրաինայի հակամարտության ֆոնին աշխարհը, նրա գնահատմամբ, կարող է մոռանալ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի մասին։ 

«Փոքր երկրները կարող են օգտվել դրանից եւ ինչ-որ բան քաղել իրենց համար՝ հասկանալով, որ ցանկացած հանցագործություն կարող է անպատիժ մնալ։ Մենք հերթական փակուղու մեջ ենք։ Իրավիճակը շատ ծանր է եւ պահանջում է հմուտ աշխատանք։ Մենք անընդհատ սխալներ ենք թույլ տալիս։ Եթե մենք մտել ենք խաղաղ գործընթացի դարաշրջան, ապա մենք չպետք է 2-3 ամիսը մեկ ռազմական հակամարտություններ վարենք Ադրբեջանի հետ եւ նոր կորուստներ կրենք։ Ուրեմն Փաշինյանի վարած բանակցություններն իմաստ չունեն»,-հավելեց նա։

Առաջին աղետներից մեկը Զուրաբյանը համարում է ընտրություններում պատերազմում պարտված մարդու առաջադրումը, այն դեպքում, երբ նա արդեն կորցրել է լեգիտիմությունը եւ երբեք լեգիտիմ չի լինի։

Քաղաքական գործիչը հավելեց, որ դրա արդյունքներն այսօր արտացոլվում են բանակցություններում։ «Փաշինյանի հետ ոչ ոք հաշվի չի նստում, նույն Ալիեւը, գործընկերներն էլ նրա մեջ գործոն չեն տեսնում, որի հետ պետք է հաշվի նստել։

Խաղաղության օրակարգը, որը խոստացել էին իշխանությունները ընտրություններում, նույնպես կեղծ էր։ Կեղծ էր նաեւ այն թեզը, թե Արցախի հարցը լուծվելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։ Հիմա նրանք վախենում են նույնիսկ արտասանել Արցախ եւ ինքնորոշում արտահայտությունները։ Նրանք արդեն ընդունել են, որ Արցախի հարցը պետք է լուծվի Արցախի տարածքային ամբողջականության շրջանակում։ Ինչո՞ւ եք այդքան բարձր նշաձող դրել: Ամենաիրատեսականը Արցախի կարգավիճակի հետաձգումն էր, եւ Լավրովն այդ մասին հայտարարեց՝ հիշեցնելով Հայաստանի իշխանություններին, որ նրանք (Պրահայում-խմբ.) արդեն համաձայնել են Ադրբեջանի հետ»,-նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ