News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերյան ագրեսիան անկատար թողեց սերժանտ Հայկ Մուրադյանի երազանքը։ 26–ամյա Հայկը երազում էր լսել, թե ինչպես է որդին իրեն հայր ասում։ Հայր լինելու բերկրանքը նա երեք ամիս էլ չհասցրեց վայելել։
«Շատ էր ուրախացել, որ հայր է դառնալու, այդ պատկերն անընդհատ աչքերիս առաջ է։ Մոնթե էինք ուզում դնել անունը, բայց Հայկը որոշեց հոր անունը դնել՝ Նորիկ։ Հենց երկու ամիս տեսավ տղային։ Ասում էր՝ բա որ ասի պապա, ո՞նց եմ գնալու դիրքեր, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ դիմանալու, բայց իր երազած բառն այդպես էլ չլսեց»,– պատմում է կինը՝ Արմինեն։
Ծովակցի Հայկն ամուսնանալուց հետո էր մտել ծառայության։ 2021թ.–ի մարտից ամիսը 15 օրով բարձրանում էր Արտանիշի դիրքեր։ Վերջին անգամ սեպտեմբերի 1–ին ծառայության մեկնելիս առանձնահատուկ գրկել էր որդուն, Արմինեն հիմա է հասկանում՝ կարծես հրաժեշտ տար Նորիկին։ Թե ինչպես են հարձակման առաջին ժամերին զոհվել Հայկն ու ընկերները, ընտանիքը մինչեւ հիմա չգիտի։ Մուրադյաններն իրենց կրտսեր որդուն կարողացել են հուղարկավորել շուրջ 2 շաբաթ անց։
«Սեպտեմբերի 13–ի գիշերը ժամը 1.30 զանգել էր, չէի լսել, հետո հետ զանգեցի, ասացի՝ Հայկ էս ինչ է կատարվում, ինձ հանգստացրեց, ասաց՝ չվախենաս, բան չկա։ Մինչեւ 2.07 խոսել եմ հետը՝ 4 անգամ, խոստացավ, որ կզանգի, բայց այդպես էլ չզանգեց։ Գրում էի, զանգում էի, չէր պատասխանում, հետո նրա նկարն ուղարկեցին»,– ասում է Արմինեն, խոսքը եղբայրն է շարունակում. «Նկարից պարզ էր, որ Հայկն է... երեք դիրքի անձնակազմ զոհվեց, Հայկը, ընկերները, բոլորը զոհվել են։ Հնարավորություն ունեին նահանջելու, հետ քաշվելու, բայց չեն արել, մինչեւ վերջ կռվել են»։
Հայկի ավագ եղբայրը՝ Արամայիսը, որը մասնակցել է 44–օրյա պատերազմին, միշտ փորձել է համոզել եղբորը դուրս գալ Զինված ուժերից, սակայն, կրտսեր եղբայրն ավելի համառ է գտնվել։ Միշտ ասել է՝ իր փոխարեն ով պետք է պաշտպանի կնոջն ու նորածին որդուն։ Վերջին անգամ եղբայրները խոսել են սեպտեմբերի 12–ին, Հայկն ասել է, որ հնարավոր է՝ ադրբեջանական կողմը հարձակման դիմի, հաջորդ օրն Արամայիսը զանգել է, սակայն, եղբայրն այդպես էլ զանգին չի պատասխանել. «Հայկը յուրահատուկ անձնավորություն էր, համեստության տիպար, չկա մեկը, որ ասի՝ Հայկի հետ դժվար էր, ծանր բնավորություն ուներ։ Ընտանիքին շատ նվիրված էր»։
Նորիկը թեեւ դեռ 6 ամսական է, բայց արդեն պարզ է՝ տեսակով հորն է նման։ Ամեն առավոտ փոքրիկը զրուցում է հոր հետ՝ նկարի միջոցով։ Նույնիսկ խմբային նկարներում ձեռքը պարզում է այնտեղ, որտեղ Հայկն է։ 20–ամյա Արմինեն, ամուսնու ծնողներն ու եղբայրը հիմա Նորիկով են ապրում։ Անընդհատ Նորիկին հորից են պատմում, գիտեն՝ Նորիկը հայրենասիրությամբ, ընտանիքի նկատմամբ նվիրվածությամբ հորն է նմանվելու։
«Նորիկն է մեզ կյանք տալիս, շատ դժվար է, մի ժամով որ գնում է պապիկի տուն, մեռյալ մթնոլորտ է մեր տանը։ Նորիկն օգնում է, որ ապրենք ու օգնում է»,– խոսքը եզրափակում է Արամայիսը։
Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերիի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։
Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մտնել Կիրանց
Ավելի վաղ հայտնել էինք, որ գյուղացիները՝ ոստիկանների պահանջով, երեկ գիշեր…  
Առաջարկում եմ՝ Տավուշի մարզկենտրոնը Իջեւանից տեղափոխել Կիրանց. Գեղամ Նազարյան
Նա կոչ արեց խաղաղության հասնել այնպես, որ Կիրանցի բնակիչը այս պրոցեսից…
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Առավոտյան մոտեցա ոստիկաններին, խնդրեցի ճանապարհը բացել, որ կողքի գյուղերի ժողովուրդը ստիպված չլինեն այդքան ժամանակ ծախսել ու շրջանցել, ասացին վաղը կբացվի ճանապարհը...
Ձեր երեխայի դպրոցից հեռացեք 150-160 մետր և պատկերացրեք Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց. իրանագետ
Սա, ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ…
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
Ամենաշատ