News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստեղծվել է ճգնաժամ, ինչի պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորությունն ունի Ռուսաստանի Դաշնություն, որովհետև նա լիազորված է դա կատարելու նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներն են, և նրանք հիմնական դերակատարությունն ունեն այդտեղ։ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է։ Այս քայլով Ադրբեջանը փորձում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, ինչը պետք է մտահոգի Ռուսաստանի Դաշնությանը։ Ճգնաժամը լուծելու համար մենք քայլեր ենք կատարում, հրապարակային մեր հանրությանը ներկայացնում ենք խնդիրները»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը եւս Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են. «Այս ամենը լայն կոնտեքստում է, այդ կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է»-ասաց Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում: Բնականաբար, Լաչինում այս բոլոր ճնշումները դրա մասին է»:

Դիտարկմանը, որ ՀՀ իշխանություններն Արցախին չեն սատարում, ԱԽ քարտուղարն արձագանքեց. «Այս պահին հիմնական գործիքակազմը դիվանագիտականն է։ Հայաստանը պետք է շարունակի դիվանագիտական գործիքներ կիրառել, որպեսզի ճգնաժամը հանգուցալուծվի և ազատ տեղաշարժ կատարվի Լաչինի միջանցքով»։

Ամփոփելով տարին՝ Գրիգորյանն ասաց, որ 2022 թվականը շատ ծանր էր Հայաստանի համար. «Հայաստանի վրա բոլոր կողմերից կան ճնշումներ, ամբողջ տարին Հայաստանի համար անցել է ճնշումների պայմաններում: ՀՀ իշխանության  հիմնական խնդիրն է  եղել՝ դիմակայել այդ ճնշումներին: Քանի որ ծավալը մեծ է, միայն մեկ երկրի կողմից չէ, այդ  ճնշումներին դիմակայելիս Հայաստանը մեծ դժվարությունների է հանդիպել: Շարունակում ենք պայքարել, որ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը կայունացնենք»:
Հարցին՝ մենք այս տարի ուժեղացրե՞լ ենք մեր պաշտպանական դիմադրողականությունը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Դա միայն Հայաստանի պաշտպանական կարողությունների հետ չի կապված: Դուք նշեցիք դեսպանի հայտարարությունը միութենական պետության հետ կապված: Բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով», - հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանն իր գործընկերների հետ աշխատում է, որպեսզի սպառազինություն եւ այլ գործիքներ ձեռք բերի իր սուվերենությունը պաշտպանելու համար: Կատարել ենք որոշակի աշխատանքներ, ունենք որոշկի արդյունքներ, բայց դրանք բավարար չեն: Մենք շարունակում ենք այդ աշխատանքները, ունենալ նոր գործիքներ: Օրինակ, Եմ առաքելությունը այդպիի գործիքներից մեկն է: Այն ռազմական չէ, բայց ունի այդպիսի ունակություններ: Հայաստանն ունի նաեւ ռազմական գործիքներ, որը փորձում է ուժեացնել: Այս տարի այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ կատարվել են: Հույ ունենանք, որ արդյունքները հնարավորինս արագ կլինեն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ