News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բրյուսովի անվան համալսարանն իր ֆեյսբուքյան էջում այսօր՝ դեկտեմբերի 26–ին, հրապարակեց դեկտեմբերի 9–ին կայացած ռեկտորի ընտրության կադրերը՝ ի պատասխան դատախազության հաղորդագրության, թե բուհի ռեկտորի ընտրության օրը տեղի ունեցած խուլիգանության եւ կեղծիքի դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, որը ներկա է եղել ռեկտորի ընտրությանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստն, ինչպես նկատելի էր հրապարակված կադրերում՝ անցել է հանգիստ մթնոլորտում, իսկ քվեարկության արդյունքներն էլ  հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է։ Բուհի ղեկավարությունն ակնկալում է, որ Դատախազությունը պարզաբանումներ կներկայացնի, թե խոսքն ինչ խուլիգանություն եւ կեղծիքի մասին է։

«Մենք այս գործընթացի մեջ տեսնում ենք մեկ այլ հանգամանք՝ ռեկտորի ընտրությունների արդյունքների հաստատումը ձգձգում են։ Մեր կարծիքով շան գլուխը հենց այստեղ է թաղված, ամեն ինչ անում են, որ ընտրության արդյունքները չհաստատվեն եւ գուցե այս շինծու քրեական վարույթներն էլ հենց դրա վառ ապացույցն են»,– ասում է Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

Դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցած ռեկտորի ընտրությանը առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Այս ընտրություններից երեք օր անց պաշտոնից ազատվեցին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, որը Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Մամուլի տեղեկություններով, այս պաշտոնանկությունները կապված էին Բրյուսովում կայացած ընտրության արդյունքների հետ, ըստ այդ լուրերի՝ վարչապետ Փաշինյանը չէր ցանկացել, որ Կարինե Հարությունյանը վերընտրվի, իսկ այդ երկու պաշտոնյաները ռեկտորի ընտրության ժամանակ չեզոքություն են պահպանել եւ չեն միջամտել ընտրությունների ընթացքին։ Համբարձում Մաթեւոսյանը, որ ի պաշտոնե պետք է ստորագրեր հոգաբարձուների խորհրդի ընդունած որոշումն ու արձանագրությունները, չի արել դա։ Նախկինում, սակայն,  ըստ Ցոլակ Ակոպյանի՝ այդ գործընթացը տեղի էր ունենում ռեկտորի ընտրությունից հետո՝ օրերի ընթացքում։

Համալսարանից նաեւ էլեկտրոնային տարբերակով եւ սովորական փոստով են արձանագրությունը եւ որոշումն ուղարկել Համբարձում Մաթեւոսյանին, բայց պատասխան չստանալով, իսկ գործընթացն էլ չերկարաձգելու համար, Բրյուսովի անվան համալսարանը դեկտեմբերի 22–ին  դիմել է վարչապետին եւ ԿԳՄՍ նոր նախարարին՝ ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանի ընտրության արդյունքները հաստատելու համար։ Բրյուսովցիները կոչ են անում պատասխանատուներին հաստատել ռեկտորի ընտրության արդյունքները մինչեւ հունվարի 11–ը, երբ կլրանա Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը,   հակառակ պարագայում կարող է կառավարման ճգնաժամ առաջանալ եւ խափանվել ուսումնական գործընթացը։

«Խնդրում ենք Կառավարությանը հաստատել, որովհետեւ դրանից հետո կարող է ճգնաժամ առաջանալ, ինչից տուժելու են ուսանողներն ու աշխատակիցները։ Ուսանողները նորից ոտքի են կանգնելու, ավելի լավ է որոշումը հաստատել եւ անցնել բնականոն աշխատանքի»,– նշեց բուհի պրոռեկտորը։

Ցոլակ Ակոպյանի համոզմամբ՝ Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու որոշումը չի ստորագրվում, քանի որ գործադիրում այս կերպ փորձում են պատժել բրյուսովցիներին, որոնք երկու ամիս առաջ ակտիվ ցույցեր էին անում ընդդեմ բուհերի խոշորացման, ըստ որի՝ Բրյուսովի անվան համալսարանը կարող է միավորվել Մանկավարժական համալսարանին։ 

«Համալսարանի թե՛ դասախոսական անձնակազմը, թե՛ ուսանողությունը պաշտպանեց իր շահերը, միգուցե շատերը դա ծանր տարան։ Հետո էլ պաշտպանեցին Կարինե Հարությունյանի թեկնածությունը,  ինչն էլ հանգեցրեց այս իրավիճակին։ Կարծում եմ՝ փորձում են ճգնաժամ առաջացնել համալսարանում եւ բուհերի միավորման ծրագիրը առաջ տանել»,– ասաց Ցոլակ Ակոպյանը։

Կարինե Հարությունյանին բուհի ղեկից հեռացնելու գործադիրի ձգտումը, ըստ բրյուսովցիերից շատերի, նկատելի է նաեւ համալսարանում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունից։ Այստեղ արձանագրվել են առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքը եւ առնչվող նյութերը ներկայացվել են գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: Բուհի ղեկավարությունը մեղադրանքները շինծու է համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ