News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հին քարտեզը, որի վրա, իբր, նշված է այն տեղը, որտեղ գերմանացի զինվորները թաքցրել են միլիոնավոր եվրոների արժողության գանձեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից, այս շաբաթ գրգռել է գանձեր որոնողների երեւակայությունը Նիդեռլանդներում, տեղեկացրել է Reuters-ը։

Մետաղորսիչներով եւ բահերով զինված խմբերը թափառում են Օմերեն գյուղական վայրի դաշտերում այն բանից հետո, երբ Նիդեռլանդների Ազգային արխիվը հրապարակել է քարտեզը։

Արխիվը տեղեկացրել է, որ քարտեզը մատնանշում է, թե որտեղ են նացիստական զինվորները թաքցրել չորս մեծ արկղերը՝ լցված ադամանդներով, սուտակներով, ոսկով, արծաթով եւ ամեն տեսակ թանկարժեք իրերով, որոնք նրանք գողացել էին 1944թ. օգոստոսին բանկը պայթեցնելուց հետո։

Քարտեզը պատերազմից հետո ստացել է հոլանդական ինստիտուտը գերմանացի զինվորից։

Քարտեզի հետազոտության ֆայլը հրապարակվել է այս շաբաթ, քանի որ առավելագույն ժամկետը՝ 75 տարի, որի ընթացքում այն կարող էր գաղտնի մնալ, լրացել է։

Չնայած գանձի գոյությունը երբեք լիովին հաստատված չի եղել, ինստիտուտը նախաձեռնել է այն գտնելու մի քանի անհաջող փորձեր 1947թ., տեղեկացրել է Ազգային արխիվի ներկայացուցիչ Անն-Մարիեկե Սամսոնը։ «Մենք հաստատ չգիտենք, թե արդյոք այդ գանձերը գոյություն ունեն։ Բայց ինստիտուտը բազմաթիվ ստուգումներ է կատարել եւ այս պատմությունը հավաստի է համարել»,- նշել է Սամսոնը։ «Բայց նրանք այդպես էլ չեն գտել այն, իսկ եթե գանձը գոյություն ունենար, արդեն պեղված-հանված կլիներ»։

Բայց ոսկի որոնողները շարունակում են փոքր շանսի հույս փայփայել։

«Ամենուրեք մետաղորսիչներով մարդկանց խմբեր են»,- ասել է 57-ամյա Յան Հենցենը՝ մի փոքր դադար տալով իր որոնումներին։ «Գանձի մասին նորությունը այլ մարդկանց պես ինձ էլ ստիպեց գնալ որոնումների։ Հավանականությունը, որ գանձերը դեռ այստեղ են 70 տարի հետո, շատ փոքր է, բայց ես ցանկանում եմ փորձել»։

Օմերենի նախկին քաղաքապետ Կլաաս Տամեսը, որն այժմ ղեկավարում է հողատիրական ֆոնդը, որտեղ կարող են թաքնված լինել գանձերը, ասել է, որ տեսել է մարդկանց ամբողջ երկրից։ «Քարտեզը գրգռել է նրանց երեւակայությունը,- ասել է նա։- Յուրաքանչյուրը, ով ինչ-որ բան կգտնի, պետք է տեղեկացնի այդ մասին մեզ, այնպես որ՝ տեսնենք։ Բայց ես չեմ սպասում, թե դա հեշտ կլինի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ