News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Չինաստանի բնակչությունը տասնամյակների ընթացքում առաջին անգամ անցյալ տարի սկսել է նվազել, ինչը երկարաժամկետ հետեւանքներ կունենա տնտեսության վրա, գրում է Bloomberg-ը։

Անկախ ժողովրդագիր Հե Յաֆուի խոսքով՝ 2022 թվականին ծնվածների ընդհանուր թվի վերաբերյալ կառավարության պաշտոնական տվյալները, որոնք, ինչպես նախատեսվում է, կհրապարակվեն հաջորդ շաբաթ, հավանաբար 10 միլիոն մարդու ռեկորդային ցածր մակարդակ ցույց կտան:

Սա ավելի քիչ է, քան 2021 թվականին 10,6 միլիոն երեխաների ծնունդը, որն արդեն վեցերորդ տարին անընդմեջ կրճատվում է եւ ամենացածրն է 1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից ի վեր: Նա հավելել է, որ երկրում, հավանաբար, անցյալ տարի ավելի շատ մահեր են գրանցվել, քան դրա նախորդ տարին։ 2021 թվականին մահացել է 10,1 միլիոն մարդ, այդ թվում՝ Covid-ի վարակի տարածման պատճառով։

Բնակչության անկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան նախկինում սպասվում էր, եւ կարող է հետ գցել աշխարհի երկրորդ ամենամեծ տնտեսության աճը: Աշխատուժն արդեն կրճատվում է, անշարժ գույքի երկարաժամկետ պահանջարկն էլ ավելի կնվազի, եւ կառավարության համար կարող է նաեւ դժվար լինել վճարել ոչ բավարար ֆինանսավորվող ազգային կենսաթոշակային համակարգի համար:

Արդյունքում Չինաստանի տնտեսությունը կարող է դժվարություններ ունենալ, եւ այս տարի նա կարող է աշխարհի ամենախիտ բնակեցված երկրի իր կարգավիճակը զիջել Հնդկաստանին:

Շատ երկրներում համավարակի ժամանակ ծնելիության մակարդակը կրճատվել է։

Չինաստանը, սակայն, բախվում է լրացուցիչ խնդիրների, որոնք մասամբ պայմանավորված են «մեկ երեխայի քաղաքականության» բազմամյա կիրառմամբ, որը խեղաթյուրել է սեռերի հարաբերակցությունը՝ հաշվի առնելով, որ չինացի ծնողները ավանդաբար նախապատվությունը տալիս են որդիներին: Դա հանգեցրել է վերարտադրողական տարիքի կանանց թվի նվազմանը, որը դժվար կլինի վերականգնել, նույնիսկ այն բանից հետո, երբ կառավարությունը փոխել է քաղաքականությունը եւ թույլ է տվել ընտանիքներին ավելի շատ երեխաներ ունենալ:

Որոշ մարզեր սկսել են խրախուսական միջոցներ առաջարկել զույգերին: Շենժենը, որը հարեւան Հոնկոնգում է, աշխատում է ծնողներին սուբսիդավորելու պլանների վրա՝ մինչեւ նրանց երեխաների երեք տարին լրանալը: Ֆինանսական օգնությունը կարող է հասնել միանվագ 10000 յուանի, ինչպես նաեւ տարեկան լրացուցիչ 3000 յուանի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ