News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն ընտրություններ է նշանակել մայիսի կեսին։ Երկրում վերջին նախագահական ընտրություններ տեղի են ունեցել 2018 թվականին, իսկ դրանից առաջ՝ 2014 թվականին, մինչդեռ խորհրդարանական ընտրությունները երկու անգամ անցկացվել են 2015 թվականին։ Թուրքիան վերջին երկու տասնամյակների ընթացքում դարձել է ավելի ավտորիտար, երբ ԱԶԿ-ն բանտարկել է ընդդիմության շատ անդամների եւ փակել գրեթե բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցները: Որոշ մեկնաբաններ կարծում են, որ սա կլինի վերջին ժողովրդավարական ընտրությունները Թուրքիայում, որը որեւէ աղերս կունենա ժողովրդավարության հետ: Հունաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Իսրայելի, Հայաստանի եւ Սիրիայի հետ կապված ճգնաժամերը կարող են լինել օրակարգում մինչեւ քվեարկությունը, գրում է Սեթ Ֆրանցմանը Jpost-ի իր հոդվածում։

Սակայն, երբ ընտրություններ են անցկացվում, իշխող կուսակցությունը կարծես թե չի հավաքում ձայների կեսից ավելին, ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե դուք ձերբազատվեք բոլոր անկախ լրատվամիջոցներից եւ վերահսկողության տակ վերցնեք դատական համակարգը եւ բանակը, իսկ քաղաքական հակառակորդներին բանտարկեք, մարդիկ, միեւնույն է, անհամաձայնություն կարտահայտեն։

Թուրքիայի իշխող կուսակցությանը հաջողվել է նախաձեռնություններ սկսել, որոնք թույլ են տվել ընտրություններից առաջ եւս մի քանի ձայն հավաքել, եւ հաջողություն է գրանցել այլ երկրների հետ ազգայնական վեճերի շեփորահարմամբ: Օրինակ՝ 2018 եւ 2019 թվականներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին համեմատել է նացիստական Գերմանիայի հետ։ Տարիներ շարունակ Թուրքիայում Իսրայելի վրա հարձակումները նորմալ են համարվել։ Երբ Իսրայելը չի քննադատվել, ղեկավարությունը հակահայկական հռետորաբանություն է տարածել։ 2020 թվականին Թուրքիան Ադրբեջանին հրահրել է պատերազմել Հայաստանի հետ։

Թուրքիայի իշխող կուսակցությունը հենվում է «ահաբեկչական» սպառնալիքների վրա՝ իր ընտրողների շրջանում վախ սերմանելու համար, տարբեր դավադրություններ առաջ քաշելով՝ որպես քաղաքական հակառակորդներին ձերբակալելու պատրվակ՝ պետության դեմ դավադրությունները ճնշելու համար:

«Էրգենեկոն»-ի դեմ դատավարությունները 2008-2016 թվականներին, որին հաջորդեց 2016 թվականին հեղաշրջման փորձը, թույլ տվեցին ԱԶԿ-ին հեռացնել մոտ 150 000 մարդու պետական կառույցներից: Այդ ժամանակվանից Անկարան պնդում է, որ պայքարում է «Գյուլենի դավադրության» եւ «ՔԱԿ-ի ահաբեկիչների» դեմ։

«Ահաբեկիչների դեմ պայքարի» հայտարարությունը Անկարային իրավունք է տվել, իր աչքում, 2018 եւ 2019 թվականներին ներխուժել Սիրիայի տարածքներ եւ տարբեր արշավներ իրականացնել Իրաքում, որոնցով թուրքական լրատվամիջոցները հաճախ պարծենում են «ահաբեկիչներին չեզոքացնելով»։

Միեւնույն ժամանակ, պարզ չէ, թե սպանվել են իրականում ինչ-որ «ահաբեկիչներ», թե Անկարան պարզապես պատահական գյուղեր է ռմբակոծում եւ պնդում է, որ հարվածներ է հասցրել «ահաբեկիչներին»: Սիրիայում հորինված թշնամիների հետ նրա անվերջ պատերազմներն ավելի շատ նման են Ջորջ Օրուելի «1948» գրքից տեսարանների, քան իրական հակամարտության:

Երբ իշխող կուսակցությունը չի պայքարում «ահաբեկիչների» դեմ ու չի սպառնում Հայաստանին, Իսրայելին ու Հունաստանին, ճգնաժամեր է ստեղծում Եվրոպայի հետ։ 2020 թվականին Թուրքիան օգտագործեց իսլամական ահաբեկչի կողմից ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունն ու գլխատումը հակասություններ առաջացնելու համար:

Թուրքիան շարունակում է տարաձայնություններ հրահրել Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու նրա փորձերի շուրջ։ Թուրքիան Շվեդիային մեղադրել է «ահաբեկիչներին» ապաստան տալու մեջ եւ պահանջել է արտահանձնել տարբեր այլախոհների։ Այս շաբաթ Անկարան դատապարտել է շվեդ ծայրահեղականին, որը պնդել է, թե այրել է Ղուրանը:

Տարօրինակ կերպով Թուրքիան միշտ ընտրություններից անմիջապես առաջ գտնում է այս «իսլամական» պատճառները, ինչպիսիք են Մուհամմեդ մարգարեի ընդդիմադիր ծաղրանկարները կամ Ղուրանի վրա հարձակումները: Նախկինում, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա օգտագործել է Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակումները:

ԱԶԿ-ն փորձել է նաեւ Թուրքիայի անունը փոխել Turkiye եւ Սուրբ Սոֆյայի թանգարանը, որը նախկինում եկեղեցի է եղել, վերածել է մզկիթի։ Անկարայի ծայրահեղ աջ քաղաքական գործիչները նաեւ խոստացել են «ազատագրել» Ալ-Աքսա մզկիթը։

Իշխող կուսակցությունը նաեւ աշխատել է Ռուսաստանի եւ Իրանի հետ՝ սպառնալով ՆԱՏՕ-ին, չնայած ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, ինչպես նաեւ սպառնալով նոր գործողություն սկսել Սիրիայում՝ ընդդեմ ԱՄՆ-ի կողմից աջակցվող SDF-ի:

Կարծես դա բավարար չէր, Թուրքիան նաեւ մասնակցում է ուկրաինական հացահատիկի գործարքին Ռուսաստանի հետ եւ խոսում է իր զինված անօդաչու թռչող սարքերը տարածաշրջանով մեկ վաճառելու մասին:

Դժվար է հասկանալ նաեւ Թուրքիայի տնտեսության վիճակը։ Գնաճը եւ թուլացող արժույթը խնդիրներ են եղել, չնայած Էրդողանը հաճախ է պարծենում, որ հենց իր տնտեսական ձեռքբերումների շնորհիվ մարդիկ պետք է աջակցեն իշխող կուսակցությանը:

Ընդդիմության համար առաջիկա ընտրությունները մարտահրավեր կլինեն։

Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը իշխող էր Թուրքիայում մինչեւ 2000-ականների սկիզբը, կարծես թե չի առաջադրում թեկնածուներ, որոնք որեւէ մեկին ոգեշնչում են։ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը նույնպես գտնվում է ճնշման տակ, քանի որ նրա անդամների մեծ մասը բանտարկված է:

Ընդդիմությունը բաժանված է աշխարհիկ ազգայնականների, որոնք նույնպես հակասիրիական միգրանտական հռետորաբանությամբ են համակված, եւ ձախերի: ԱԶԿ-ին հաջողվել է գերիշխել կրոնական աջերի վրա՝ ձախ եւ կենտրոնական իր հակառակորդներին թողնելով այնքան բաժանված, որ նրանք չեն կարող հավաքվել միասին, որպեսզի ձայների 50%-ից ավելի ստանան:

Անկարան կարող է նոր ներխուժում սկսել նույնիսկ ընտրություններից առաջ։ Ամենայն հավանականությամբ, նա կհայտարարի նոր «ահաբեկչական» սպառնալիքների մասին եւ նոր տարաձայնություններ կստեղծի ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ։

Թուրքիան նաեւ փորձել է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ գնել, ինչին դեմ են Կոնգրեսի առանցքային անդամները: Եթե Անկարան չստանա կործանիչները, որոնք ընտրությունների նախաշեմին նվեր կլինեն իշխող կուսակցությանը, նա կարող է հայտարարել դավադրության մասին եւ որեւէ գործարք կնքել Ռուսաստանի, Իրանի կամ Սիրիայի հետ։

Սա նշանակում է, որ տարածաշրջանը պետք է մտածի, թե ինչ քաոս կարող է սկսել Անկարան ընտրություններից առաջ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ