News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետազոտության կենտրոնը (OCCRP) ապացույցներ է գտել, որ թուրք բիզնեսմեն Էմին Ուչարը կարողություն է դիզել՝ աշխատելով Վասիֆ Թալիբովի ընտանիքի համար, որը 27 տարի կառավարել է Նախիջեւանում։ Ստացված կոռուպցիոն փողերը ներդրվել են Վրաստանի հյուրանոցային բիզնեսում։ «Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օպերային թատրոնից մեկ փողոց այն կողմ ունեւոր մարդիկ վայելում են տեղի եւ միջազգային խոհանոցի կերակրատեսակները Dinehall էլիտար ռեստորանում, որի կարգախոսն է. «Լավ ուտելիքը մարդու իրավունքն է»։ Կողքին կառուցվում է հինգ աստղանի հյուրանոց՝ ֆրանսիական հյուրանոցային բիզնեսի հսկայի՝ «Accor»-ի հետ գործընկերությամբ։ Հյուրանոցը եւ ռեստորանը 270 մլն դոլար արժողությամբ բիզնես-կայսրության մի մասն է կովկասյան փոքր երկրում, որը ղեկավարում է, գոնե՝ թղթի վրա, Թուրքիայի Էմին Ուչար անունով քաղաքացին։

Բայց OCCRP-ը ապացույցներ է հայտնաբերել, որ Ուչարը, հավանաբար, երկար տարիներ գործել է որպես դրածո Վասիֆ Թալիբովի ընտանիքի համար, որը 27 տարի ինքնակալ կառավարել է Ադրբեջանի առանձնացված տարածաշրջանը՝ մինչեւ դեկտեմբերի 21-ին պաշտոնից հանվելը»,- նշել է OCCRP-ը։ Էմին Ուչարի փաստաբանը հերքել է, որ նրա ընկերության ակտիվները պատկանում են Թալիբովների ընտանիքին, որ բիզնեսի ֆինանսական աղբյուրները վարկերն են։ «Accor»-ում նշել են, որ վերանայում են իրենց համագործակցությունը թուրք բիզնեսմենի հետ՝ կապված Թալիբովների մասին վերջերս հայտնված հաղորդագրությունների հետ։ 2022թ. փետրվարին OCCRP-ը բացահայտել էր Ուչարի կապերը Թալիբովի ընտանիքի հետ, որի վարչակարգը ստիպում էր լռել անկախ ԶԼՄ-ներին, հարկադրում այլախոհներին  հոգեբուժական հիվանդանոցներ գցել, վերահսկում էր բանտարկյալների ծեծն ու կտտանքները։ Թղթակիցները նաեւ հայտնաբերել են, որ Թալիբովը կարողություն է դիզել իշխանությունում գտնվելու ժամանակ՝ չնայած այն բանին, որ նրա տարեկան պաշտոնական աշխատավարձը կազմում էր ընդամենը 26 000 դոլար։ OCCRP-ն նշել է, որ կորպորատիվ ցանցը, որի մեջ են մտնում մի քանի ընկերություններ, որոնք հայտնի են որպես «Gamigaya» Ադրբեջանում եւ «Maqro Group» Վրաստանում, տասնյակ պետական պայմանագրեր են ստացել Ադրբեջանում այն ժամանակվանից, երբ առաջին ընկերություններն սկսել են գրանցվել 2000-ականներին։ Սակայն վերջին մի քանի շաբաթներին Թալիբովների վիճակը կտրուկ վատացել է. Թալիբովը թողել է Նախիջեւանի ղեկավարի պաշտոնը Ադրբեջանի կենտրոնական կառավարության կողմից  քաղաքական բռնաճնշումների ֆոնին։ Թալիբովի պաշտոնից հեռանալուց մեկ շաբաթ հետո «Gamigaya»-ն վերանվանվել է Arkoz»՝ Ուչարի հետ կապված մեկ այլ ընկերության անվանումն է։ Իրավապաշտպան կազմակերպությունները վաղուց էին նշում, որ Թալիբովները վերահսկում են «Gamigaya»-ն, բայց Ադրբեջանում սեփականության մասին տեղեկությունը չի հրապարակվում, ուստի այս պնդումն ապացուցելը հնարավոր չի թվում։ Բայց «Gamigaya»-ի նախկին աշխատակիցը OCCRP-ին պատմել է, որ, իր դիտարկումներով, երբ նա աշխատել է ընկերության պահպանության ծառայությունում, Ուչարը կատարել է Թալիբովների հրամանները։ «Նրանք պարզապես նրան էին վստահել «Gamigaya» հոլդինգը։ Բայց ամեն բան արվում էր Վասիֆ Թալիբովի ցուցումներով»,- նշել է Նադիր Մամեդովը Գերմանիայից կատարված տեսազանգում, որտեղ նա հաստատվել է Նախիջեւանից փախչելուց հետո, քանի որ նրան ծեծի էր ենթարկել միլիցիան։ Ադրբեջանում 2012-ից ի վեր կոմերցիոն գաղտնիքի մասին օրենքը լրագրողների եւ քաղաքացիների համար փակ է պահում բաժնետերերի մասին տեղեկությունը։ Ընկերությունների բաժնետերերի անուններն իմանալն անհնար է։ Բայց փաստաթղթերը, որոնք գտել են հետաքննող լրագրողները, ապացուցում են Ուչարի կապը Թալիբովների հետ։ 2012թ. հունվարին Նախիջեւանի նախկին ղեկավարն այցելել էր Բաթում, մեկ ամիս անց նրա ավագ որդին՝ Ռզա Թալիբովը, այնտեղ 1,5 մլն դոլարի անշարժ գույք է գնել։ Լրագրողները գտել են Ռզա Թալիբովի կողմից ստորագրված փաստաթուղթ, որով նա Էմին Ուչարին հանձնարարել է իր համար  անշարժ գույք գնել Բաթումում։ Նույն թվականի ամռանը Ռզան ստացել է եւս մեկ վկայական՝ երկու ամիս ժամկետով, ձեռք բերված պատմական շենքին մոտ գտնվող մեկ այլ անշարժ գույք գնելու համար։ Երկու տարի անց Բաթումի այդ պատմական շենքում բացվել է «Divan Suites Batumi» հինգ աստղանի հյուրանոցը, որը Ռզա Թալիբովը 18 մլն դոլարով հանել է վաճառքի անցած տարվա վերջին, երբ Ադրբեջանի կենտրոնական կառավարությունը սկսել է կադրային սպանդ Նախիջեւանում։ Այդ ընթացքում «Maqro» ընկերությունը Թբիլիսիում դառնում է «Green Budapest» բնակելի համալիրի սեփականատերը, իսկ ավելի խոշոր՝ «Green Diamond» օբյեկտը կառուցվում է 120 մլն դոլարով։ «Swissotel» հյուրանոցը կառուցվում է ֆրանսիական «Accor»-ի հետ։ Նրանք երկու հյուրանոց ունեն Թբիլիսիի հին կենտրոնում. «Mercure»-ը, որը բացվել է 2015թ., եւ «Ibis»-ը, որը հյուրեր է ընդունում 2017-ից։

«Transparency International» կազմակերպության փորձագետ Սանդրո Քեւխիշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանում հնարավոր կոռուպցիայի հաշվին ստացված փողերի ներդրումը Վրաստանում վտանգներ է պարունակում Վրաստանում կոռուպցիայի տեսակետից։ «Կոռուպցիայի հաշվին հարստություն դիզած մարդը կփորձի նույն մեթոդներն օգտագործել այն երկրում, որտեղ ներդրել է այդ փողերը, մանավանդ եթե չկան ուժեղ հակակոռուպցիոն մեխանիզմներ եւ որոշումների ընդունման համակարգեր նման վտանգները նվազեցնելու համար»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ