News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԵՄ դիտորդական առաքելությունը ընդհանուր ուսումնասիրություն եւ մոնիտորինգ պետք է իրականացնի՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ-ն այս անգամ արդեն երկու տարով դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանները:

«Մանդատը, ըստ էության, տրված է հենց դրա համար՝ տեղեկություններ հավաքել, փոխանցել Բրյուսել, այնտեղ էլ տեղեկացված լինեն եւ ինչ-որ քաղաքական որոշումներ կայացնեն: Այսինքն դա մոնիտորինգային մանդատ ունեցող խումբ է, որը որեւէ կերպ չես կարող համեմատել այն ձեւաչափի հետ, որով տարածաշրջանում ներկա է ռուսական խաղաղապահ գումարտակը»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ է ԵՄ առաքելությունը դեր խաղալ ադրբեջանական հարձակումները կանխելու հարցում, միջազգայնագետը պատասխանեց. «Դե դա որոշակի մեխանիզմ, իհարկե, ձեւավորում է այն առումով, որ Ադրբեջանը մեկ անգամ ավել կմտածի ինչ-որ արկածախնդրության գնալուց առաջ: Սա ինչ-որ զսպող մեխանիզմ կարող է լինել,  բայց ամեն ինչ կախված է թուրք-ադրբեջանական հաշվարկներից եւ նրանց պլաններից, թե ինչ են պլանավորում իրականացնել այս տարածաշրջանում: Մասնավորապես, խոսքը, այսպես կոչված, Սյունիքի միջանցքի մասին է, որն իրենց համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի»:

Նա նկատեց, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ չնայած բոլոր տեսակի միջազգային ճնշումներին, տարբեր մեխանիզմներին ու երաշխիքներին, նույն Թուրքիան աշխարհի տարբեր տարածաշրջաններում սպառնալիքներ է հնչեցնում կամ կոնկրետ գործողություններ է իրականացնում՝ Հունաստանից մինչեւ Սիրիա, Լիբիա, Իրաք եւ այլն. «Այսինքն դիտորդների ներկայությունն, իհարկե, շատ լավ է, որոշակի զսպող մեխանիզմ է, բայց թուրքական ախորժակը զսպելու համար, կարծում եմ՝ դա բավական չէ: Թուրքերի համար լուրջ ազդեցություն չի ունենալու դիտորդների այստեղ գտնվելու կամ չգտնվելու փաստը»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, թե որն է մեր տարածաշրջանում Արեւմուտքի շահը, Սուրեն Սարգսյանն ասաց. «Եթե նայենք վերջին 30 տարիներին, Արեւմուտքի թիվ մեկ առաջնահերթությունը մեր տարածաշրջանում Ռուսաստանին կամ տարածաշրջանից դուրս մղելն է եղել, կամ գոնե բալանսավորելը: Որպես դրա լավագույն հիմք համարվել է հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ խնդրի կարգավորումը: Կա մոտեցում, որ եթե տարածաշրջանում խնդիրները կարգավորվում են, Ռուսաստանն այլեւս անելիք չունի այս տարածաշրջանում, կարիք չկա, որ նա հայ-թուրքական սահմանը պահի եւ ինչ-որ ձեւով ներգրավված լինի արդեն ԼՂ-ում: Բնական է, որ բոլոր գործողությունները, որ տեղի են ունենում, կարելի է հենց այս տրամաբանության ներքո տեղավորել: Սա, ինչ-որ առումով, բալանս է ռուսական ներկայությանը»,-ասաց միջազգայնագետը՝ չբացառելով, որ այդ դիտորդական առաքելությունը կարող է դառնալ խաղաղապահ գործոն:

«Կա դրա հավանականությունը, որովհետեւ մշտապես խոսվել է հակամարտության գոտում խաղաղապահ առաքելությունների տեղակայման մասին: Անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ էր դրա մասին խոսվում, քննարկվում էր սկանդինավյան խաղաղապահների տեղակայման հեռանկարը: Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, Ռուսաստանը մեկ քայլ ավելի շուտ իր խաղաղապահ կոնտինգենտը մտցրեց ԼՂ՝ զբաղեցնելով բոլորի տեղը: Արեւմուտքում համարում են, որ դեռեւս իրավիճակը կարելի է փոխել, մանավանդ բերելով միջազգային մանդատավոր կառույց»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ