News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրազիլիան Ատլանտյան օվկիանոսում իր հյուսիսարեւելյան ափերի մոտ խորտակել է շահագործումից հանված իր ավիակիրը, հայտարարել է երկրի ՌԾՈՒ-ն՝ չնայած բնապահպանների զգուշացումներին, որ 1960-ականների ֆրանսիական ժանգոտող նավը կաղտոտի ծովը եւ վնաս կհասցնի ծովային սննդային շղթային, հայտնում է Reuters-ը։

32 000 տոննա կշռող ավիակիրը երեք ամիս նավարկել է ծովում այն ​​բանից հետո, երբ Թուրքիան մերժել է ոչնչացման համար նրա մուտքը, քանի որ դա բնապահպանական վտանգ է ներկայացնում, եւ նավը հետ է քարշարկվել Բրազիլիա:

Ավիակիրը վերացվել է ուրբաթ ուշ երեկոյան «պլանավորված եւ վերահսկվող խորտակման» հետեւանքով, որը «թույլ կտար խուսափել բրազիլական պետության նյութատեխնիկական, գործառնական, բնապահպանական եւ տնտեսական կորուստներից», հայտնել է երկրի ՌԾՈՒ-ն։

Ավիակիրը խորտակվել է Բրազիլիայի իրավասության ջրերում, ափից 350 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ծովի խորությունը 5000 մետր է։ Այս վայրը ձկնորսության եւ էկոհամակարգի վրա ազդեցության թուլացման համար է ընտրվել, հայտնել են ՌԾՈՒ-ից։

Դաշնային դատախազությունը եւ Greenpeace-ը Բրազիլիայի կառավարությանը խնդրել են դադարեցնել խորտակումը՝ նշելով, որ վտանգավոր նյութերի, այդ թվում՝ 9 տոննա ասբեստի պատճառով այն թունավոր է:

«Կլեմանսո» դասի ավիակիրը չորս տասնամյակ ծառայել է ֆրանսիական նավատորմին։

Պաշտպանության փորձագետ եւ Կոնգրեսի արտաքին քաղաքականության նախկին պաշտոնյա Պեպե Ռեզենդեն հայտնել է, որ ավիակիրը Բրազիլիայի ռազմածովային նավատորմի կողմից 1998 թվականին գնվել է ընդամենը 12 միլիոն դոլարով, բայց 80 միլիոն դոլարի վերանորոգման կարիք ուներ, որն այդպես էլ չի կատարվել:

Ավիակիրը շահագործումից հանելուց հետո ծովային ապրանքների վերամշակման թուրքական Sök Denizcilik Tic Sti ընկերությունը գնել է այն 10,5 միլիոն դոլարով, բայց ստիպված է եղել հետ քարշակել այն Ատլանտյան օվկիանոսով, երբ Թուրքիան արգելել է մուտքը իր նավաշինարան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ