
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան վնասված հայկական սրբատեղիներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
«Սեբաստիայում եւ Դիարբեքիրում եկեղեցիները չեն վնասվել։ Կեսարիայում գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նույնպես ապահով է։ Մուսալեռան հայկական Վաքըֆլից գյուղի եկեղեցին եւս խնայված է։ Իսքենդերունի շրջանում Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին է լրջորեն ավերվել, նույն գյուղի լատին եկեղեցին ամբողջապես փլուզված է, հունաց եկեղեցին եւս լուրջ վնասներ է կրել»,- ասաց Գոչունյանը։
Գոչունյանը նշեց, որ այս շրջանների բոլոր հայերը կրել են լուրջ վնասներ, դրանք դեռեւս գնահատված չեն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 2 հայ է զոհվել (մայր ու որդի), երկու հայ էլ վիրավորվել է։
Հիշեցնենք՝ այսօր հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայում ու Սիրիայում։ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 284-ի, վիրավորվել է 2383-ը։ Սիրիայում երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել է 639-ը։