News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհից զոհված կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանի ընտանիքը նույնպես չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետեւանք է եղել։ Նրանք վստահ են՝ տղաներին սպանել են։

«Նախօրոք ծրագրած սպանություն է եղել։ Տղաները գիշերը եղել են անգիտակից կամ էլ սպանվել են նախքան հրդեհը։ Ես արդեն կասկածում եմ, որ իշխանությունը չի ուզում այս գործը բացահայտել։ Ինչ-որ բան են ասում պաշտոնապես, հետո՝ հերքում։ ԱԻՆ պաշտոնյան ասում է՝ մահճակալներին անշարժացած են եղել տղաները, դրանից շաբաթներ անց զինվորական դատախազն ասում է՝ ննջարանի տարբեր հատվածներում են եղել։ Բայց ես եղել եմ դիահերձարանում, իմ աչքերով տեսել եմ տղայիս։ Պառկած դիրքով էր, անշարժացած, անհնարին է, որ ինքը մահճակալից շարժված լիներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միշայի հայրը՝ Կարեն Դումիկյանը։

Հայրը հիշում է՝ որդին գոհ էր ծառայությունից։ Միայն դեպքից երկու օր առաջ ասել էր տղաների եւ սպաներից մեկի միջեւ վիճաբանության եւ լարված հարաբերությունների մասին։

«Միշան ինձ վեճի մասին ասել է հունվարի 17-ի երեկոյան եւ կոնկրետ մեկ զինվորականի անուն է տվել։ Նույն սպայի հետ ամռանն էլ է եղել վեճ։ Ես այս պահին իր անունը չեմ ուզում տալ, բայց խոսքը կապիտանի մասին չէ։ Կապիտանից Միշան երբեւէ չի դժգոհել: Տղաների միջեւ էլ բացառում եմ, որ խնդիր լինի։ Իրենք մեկ ընտանիքի պես են եղել իրար հետ։ Այդ կացարանում իրենք էին իրենց համար պայմաններ ստեղծել։ Անձնական միջոցներով վերանորոգել էին տունը, բաղնիք սարքել, անգամ սպասքի պարագաներն են տնից տարել։ Իրենք երեխաներին տեր չեն եղել»,- ասաց Կարեն Դումիկյանը։

Միտումնավոր սպանության մասին հոր կասկածներն ավելի են խորացել, երբ հրդեհից օրեր անց՝ հունվարի 27-ին, եղել է հրդեհված կացարանում եւ կասկածելի դրվագներ նկատել։

«Չեմ հավատում, որ այդ ճաղավանդակներից կարող էր մարդ դուրս գալ։ Հնարավոր չէ այդտեղից մարդ անցներ։ Թող այդ նույն երկուսը նորից անցնեն ճաղավանդակներից մյուսներն էլ օգնեն, ինչպես ներկայացվում է։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ այդ վեց հոգին այդտեղ չեն եղել։ Ես նաեւ չեմ հավատում, որ «Ուրալով» խփել են պատին ու դրանից է քանդվել պատը, անհնարին է։ Մտածում եմ՝ պայթեցրել են, ոչ թե հրդեհ է եղել։ Զինանոցի հատակն ամբողջապես այրված չէր, ամբողջությամբ այրված էր միայն նախասրահի հատակը, որտեղ իրենք են եղել, դա հնարավո՞ր է»,- ասաց Կարեն Դումիկյանը։

Միշայի հայրը չի հավատում, որ գործի նախաքննությունն օբյեկտիվ է անցկացվելու. «Եթե քննությունն այսպես է շարունակվելու, մենք պահանջելու ենք՝ արտաշիրիմում անել, այլ երկրում թող փորձաքննություն լինի, ընդհուպ միջազգային ատյաններին կդիմենք»:

Նշեք, որ Միշան բանակ էր զորակոչվել  2022 թվականի հունվարի 20-ին։ Հինգ ամիս ծառայել էր Էջմիածնում՝ որպես սակրավոր, ապա տեղափոխվել Ազատ գյուղ։ Նա ջոկի հրամանատար էր, նոյեմբերին ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 4 զինվորական, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկը՝ դեպքից տուժել է եւ բուժումը ստանում է հիվանդանոցում, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց ՝ ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վաղը կլրանար հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Միշա Դումիկյանի ծառայության մեկ տարին (ֆոտո)

imgpsh_fullsize_anim (5).jpg (41 KB)

MyCollages.jpg (56 KB)

processed-15bfb9f5-a676-4e1f-970f-fb66360d1958_gxLEmoJx.jpeg (63 KB)

processed-7229ea8b-f9ff-43d4-aa4b-b31688eebbd2_Fi2GJUEv.jpeg (34 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ