News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրնետ մեքենաներ «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի դեմ բողոքողների ցույցը ցրելու համար։ ՆԳՆ-ն նշել է, որ ցույցն «ընդունել է բռնի բնույթ»։

Վրաստանի հեռուստատեսության ցուցադրած կադրերում երեւում է, թե ինչպես է ամբոխը փակում Ռուսթավելու պողոտան, իսկ ոստիկանությունն օգտագործում է ջրնետ մեքենա։ Ցուցարարների ձեռքերում Վրաստանի եւ Եվրամիության դրոշներն են։

Բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, ավելի ուշ ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել խորհրդարանի շենքի մոտից։

Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում նշվել է, որ ինչպես ոստիկանների, այնպես էլ ցուցարարների շարքերում կան տուժածներ, նրանց թիվը չի նշվել։ Ոստիկանությունը նաեւ կալանավորել է ցուցարարների, որոնց թվի մասին նույնպես չի նշվել. Mtavari հեռուստաալիքի տվյալներով՝ նրանց թիվը հասնում է տասնյակների։

Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ բողոքի ցույցն «ընդունել է բռնի բնույթ, ցույցի մասնակիցները փորձել են շրջափակել խորհրդարանի մուտքերից մեկը, տեղի են ունեցել բռնի գործողություններ նախարարության աշխատակիցների հանդեպ»։ Ընդդիմությունը պնդում է, որ ցույցը խաղաղ էր։

Բողոքի ցույցը խորհրդարանի մոտ սկսվել է այն բանից հետո, երբ առաջին ընթերցմամբ ընդունվել է աղմկահարույց օրինագիծ, որը նման է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում, Նյու Յորքի Ազատության արձանի ֆոնին աջակցության խոսքով դիմել է Ռուսթավելու պողոտայի ցուցարարներին։

«Ես առաջին օրվանից ասել եմ, որ վետո կդնեմ այդ օրենքի վրա, եւ կդնեմ։ Ինձ չի անհանգստացնում դրա հոդվածական քննարկումը, ինձ չի հուզում դրա նմանությունն ինչ-որ ամերիկյան հին օրենքի, որը, ինչպես մենք լավ գիտենք, միանգամայն այլ նպատակների է ծառայում»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահի լիազորությունները խիստ սահմանափակ են, եւ ցանկացած պարագայում կառավարող կուսակցությունը կունենա բավականաչափ ձայներ խորհրդարանում՝ նախագահական վետոն հաղթահարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ