News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Շատ բան չեմ կարող բացահայտել, բայց այո, մեր հանդիպումը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ շարունակվելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պարոն Գասպարյանի  այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովի հրավերով ԳՇ ներկա պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը, օպերատիվ վարչության պետը: Բնականաբար, մենք ունենք ցանկ եւ հրավիրելու ենք օպերատիվ իրավիճակին քաջ տիրապետող ամենակարեւոր ռազմական պաշտոնյաներին: Դրա համար սկսեցինք ներկայիս ԳՇ պետով, հաջորդը պետք է լիներ պատերազմի տարում բանակը ղեկավարած պաշտոնյան՝ գեներալ Գասպարյանը: Ի տարբերություն շատ-շատերի, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց, այսօր առնվազն 6 ժամ հանձնաժողովը լսել է ԳՇ նախկին պետին: Այն ինչ արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում լուծելու համար»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, սպառազինությունից, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու եւ այլ խնդիրներից. «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան  պետք էր: Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլիներ:

Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, եւ այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ գասպարյանի կարիքն զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ:

Այո, ռազմական հեղաշրջման փորձ եղել է: Բայց մեր երկիրը մի հատ է եւ զինվորականությունը երբեք չի կարելի գրկաբաց բերել ներքաղաքական խմորումների դաշտ եւ փորձել բանակն օգտագործել բազուկների ցուցադրության համար: Բանակին պետք էր հանգիստ թողնել»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ այս հանձնաժողովի զեկույցը չի արժանանա ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագրին եւ ավելի մեծ չափով կհրապարակվի. «Այն ժամանակ էլ մենք չենք  գնում մեղավորներին գտնելու, այլեւ մեր սխալները գտնելու եւ ուղղելու ճանապարհով: Քննիչ հանձնաժողովների իմաստը հենց դա է:

Տպել
Ամենաշատ