News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմին Վիրաբյանների բազմազավակ ընտանիքը կորցրեց Արցախի Շահումյանի շրջանի իր տունը: Պատերազմի հետեւանքով կորցնելով տարիների իրենց ստեղծածը, ընտանիքը չի վհատվել եւ նոր կյանք է սկսել Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում: 

6 երեխաների մայրը՝ Արեգնազան Ավետյանը, Քարվաճառի մշակույթի տան գեղարվեստական ղեկավարն էր: Մասնագիտությամբ երաժիշտն այնտեղ թողել է իր երկու դաշնամուրները:

«Մենք չէին պատկերացնում, որ կարող էր պատերազմ լինել, միշտ մտածում էինք առաջընթացի մասին: Կարոտը շատ վատ բան է, շատ ենք կարոտում: Այնտեղ ուրիշ պլաններ ունեինք, արդեն Քարվաճառն ասֆալտապատել էին, հասել էին գյուղեր: Մշակույթի տունն այնքան գեղեցիկ էին վերանորոգել, ասում էինք՝ առաջին համերգը տանք, բայց չկարողացանք... »,- NEWS.am-ին պատմում է Արեգնազան Ավետյանը:

Բազմանդամ ընտանիքը հողագործությամբ է զբաղվում:

«Երեխաներս՝ Սիրանուշը, Ալվարդը, Արմենակը, Շուշանիկը, Արամն ու Խանդութը, բավականին խելոք են: Եթե հնարավորություն ունենայի, ապա 7-րդ երեխան էլ կունենայի: Բոլորին խորհուրդ կտամ շատ երեխաներ ունենալ: Հայ ազգին շատ երեխա ունենալը պարտադիր է այս պահին»,- ասում է Արեգնազան Ավետյանը:

Արցախցի կինը հուզվելով է պատմում պատերազմի մասին, ասում է՝ պատերազմը կտրեց իրեն իր տնից. 

«Երբ գմփոցները լսեցի, աչքերս բացեցի, չգիտեի՝ երեխեքին ոնց արթնացնեմ, որ պատրաստվեն: Երեխաներին ասացի՝ պատերազմ է, հավաքեցինք ու դուրս եկանք: Դուրս եկանք ու տեսանք, որ ճանապարհներին ահավոր վիճակ է, բոլորը փախչում էին: Եկանք Չարենցավան՝ ամուսնուս քրոջ տուն, իրենք էլ էին բազմանդամ ընտանիք, Մարտակերտից եւս մեկ ընտանիք եկավ, ընդհանուր 26 հոգով 2 սենյականոց բնակարանում տեղավորվել էինք: Քնում էինք գետնին: Մոտ 2 ամիս այդպես ապրեցինք, չունեի ամուսնուցս որեւէ տեղեկություն: Պատերազմը վերջացավ ու ամուսինս եկավ: Սկսեցինք մտածել հետագայի մասին, թե ինչ պիտի անենք եւ ոնց պիտի ապրենք: 

Մենք ծառի տակ ենք քնել, իրերը մեր ամբողջությամբ ծառի տակ է եղել, աղոթում էինք, որ հանկարծ անձրեւ չգա: Ով գալիս էր, ասում էր՝ բա դուք չե՞ք վախենում օձերից, կարիճներից. ոչ մի բանից չէինք վախենում: Հույս ունեիք, որ տուն կունենանք, ու քարը քարի վրա դնելով ունեցանք մեր տունը: Ամեն մի քարի վրա ուրախանում էինք: Ասում էի՝ ես մի օր կմտնե՞մ էս տանն ապրեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տպել
Ամենաշատ