News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Գոյ» թատրոնը օրեր առաջ ֆեյսբուքյան էջում բաց նամակ է տեղադրել՝ ուղղված ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որում տեղեկացրել է, որ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը փետրվարի 8-ին թատրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին բանավոր կերպով տեղեկացրել է, որ նախագիծ է քննարկվում, ըստ որի՝ թատրոնը պետք է լուծարվի, վարչական մասը կրճատվի, իսկ ստեղծագործական կազմը միավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, ինչպես ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է նշել՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»:

«Գոյ» թատրոնի բաց նամակում տեղեկացվում է նաեւ, որ փետրվարի 17–ին էլ նախարարությունում տեղի է ունեցել Արա Խզմալյանի եւ թատրոնի ստեղծագործական կազմի 7 ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է թատրոնի լուծարման եւ դրա մեկ այլ թատրոնի հետ միավորման հիմքերը: Այդ հիմքերից են օրինակ՝

«Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը:

Չի համապատասխանում իր փորձարարական անվանմանը:

Հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել:

Կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ, եւ այլ հիմնավորումներ:

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է թատրոնի լուծարման այս հիմքերին, նշել, որ դրանցից միայն առաջինն է, որ ինչ-որ չափով համապատասխանում իրականությանը։

«Անցյալ տարի մեր թատրոնում բարդություններ եղան։ Թատրոնը լիարժեք կարողացավ աշխատել աշնանից սկսած։ Այդ թերացումը կապված է ոչ պատշաճ ռիթմով աշխատելու հետ»,- ասաց Արթուր Սահակյանը։

Նա ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին մեղադրեց թատերական բնագավառի նկատմամբ անտարբեր լինելու մեջ։

«Արա Խզմալյանը 2015 թվականից ոտք չի դրել այս թատրոն, մինչդեռ նա ի պաշտոնե պարտավոր էր տեղյակ լինել, թե ոնց ենք մենք աշխատում։ Խզմալյանը թատերական բնագավառի ծառան է, մշակը, ինքը պետք է ամեն ինչ անի, որ այս բնագավառը բարգավաճի, ոչ թե դնի ու կտրտի։ Բայց նա չի մտել այստեղ, չի տեսել ոչ մի բան, ոնց է զրպարտում թատրոնը»,- նշեց Արթուր Սահակյանը։

Գեղարվեստական թատրոնի ղեկավարի խոսքով՝ անձակազմը դեմ է թատրոնի լուծարմանը։ Արթուր Սահակյանն ընդգծեց՝ թատրոնի հնարավոր լուծարման պատճառներից մեկն իր քաղաքացիական դիրքորոշումն է. Արթուր Սահակյանը իր ելույթներում բազմիցս է անհամաձայնություն հայտնել իշխանությունների վարած քաղաքականությանը։

«Ես չգիտեմ՝ իրենք ինչ են մտածում, ես հրաժարվում եմ մեկնաբանել իրենց մտածողությունը։ Չեմ ուզում մտնել էդ գլուխների մեջ, որովհետեւ դրանք տարված են շատ հանձնարարություններով, որոնցից ոչ մեկն ի նպաստ Հայաստանի չէ։ Իրենց խնդիրը հավանաբար քանդելն է, ինչպես մինչեւ հիմա քանդում են։ Փետրվարի 7-ին թատրոնում տեղի ունեցավ  «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել» փաստավավերագրական ներկայացման պրեմիերան, որի հենց հաջորդ օրը թատրոնի տնօրենին կանչելցին նախարարություն եւ տեղեկացրին, որ այսպիսի լուծում է առաջարկվում։ Ինչո՞ւ, մինչդեռ տարվա վերջին այդ մասին խոսակցություն չի եղել»,- ասաց Արթուր Սահակյանը։

«Գոյ» թատրոնը 35 տարեկան է, ունի 35 աշխատող։ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ եթե այն լուծարվի, կրճատվելու են իր, տնօրենի եւ երկու հաշվապահների հաստիքները։

«Այս թատրոնը ոչ մի թատրոնի նման չէ, մենք աշխատում ենք այստեղ, սա ընտանիք է, մեր ստեղծած մթնոլորտը փայփայում ենք։ Մեր մեջ թերհասկացվածություն չի կարող լինել, հիմա մտնել որեւէ այլ թատրոն, բոլորը կարող էին դա անել ու բոլորն էլ մեծ պահանջարկ կունենային, բայց իրենք ընտրել են «Գոյը», եւ դրան ալտերնատիվ չունեն։ Բոլորովին այլ բան է Սունդուկյանը կամ էլ Կամերայինը։ «Գոյ»-ում ուրիշ թատրոն գնալ չեն ուզում, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացում եմ բեմադրել՝ մեծ հաճույքով, բայց հետո ես չմնացի այնտեղ, որովհետեւ ես ունեմ իմը, ներկայացման բոլոր մասնակիցներին իմ ընկերներն եմ համարում, իրենց հետ պրոբլեմ չկա, բայց խնդիրը նրանց հետ պրոբլեմ ունենալը չէ, այլ այս միավորը կորցնելն է»,- ասաց Արթուր Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ