News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առեւտրի կենտրոնի տարածքում: Նրանք բողոքում են, որ տեսչական մարմինը դեռ որոշում չի կայացրել  առեւտրի կենտրոնը բացելու վերաբերյալ:

Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են փակել Արշակունյաց պողոտան:

Այստեղ մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքված:

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։ Նա հավելել է, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։

Հիշեցնենք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի 16 մարդ է զոհվել, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը՝ Վարդան Մանուկյանը, որն ազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առեւտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պահեստը շահագործող երեք անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու մեջ։

Կալանավորված է նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, սակայն այլ վարույթով։ Նա անցնում է երկու տարի առաջ առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած հրդեհի գործով։ Մադաթովան մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու եւ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ