News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի գյուղատնտեսության նախարար Կառլոս Ֆավարոն կիրակի օրը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը կորոշի Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի երկիր այցի նոր ամսաթիվը՝ հավելելով, որ Պեկինի եւ Բրազիլիայի միջեւ համաձայնագրերի ստորագրումը հետաձգվել է, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Կառավարության բոլոր գործողությունները հետաձգվում են, ներառյալ գյուղատնտեսության նախարարության», - ասել է Ֆավարոն, ով Չինաստան էր ժամանել անցյալ շաբաթ․ «Երբ Չինաստանի կառավարությունը պատրաստ լինի, առկա ժամանակացույցով, այցը, անշուշտ, կվերակազմակերպվի, եւ մենք կվերադառնանք՝ շարունակելու բոլոր հուշագրերի եւ համաձայնագրերի ստորագրումը»:

Բրազիլիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահ Ինասիո Լուլա դա Սիլվան, ով պաշտոնը ստանձնել է հունվարին, չեղարկել է մարտի 27-ից 31-ը նախատեսված այցը Չինաստան՝ Ա գրիպով առաջացած բակտերիալ եւ վիրուսային բրոնխոպնեւմոնիայի ախտորոշման պատճառով:

Այցը, որը պետք է ընդգրկեր երեքշաբթի օրը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, Բրազիլիայի նոր նախագահի կողմից զգալի ջանքերի արդյունք է՝ ամրապնդելու հարաբերություններն իր ամենամեծ առեւտրային գործընկերոջ հետ՝ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի օրոք առկա լարված հարաբերություններից հետո, ով հակաչինական հռետորաբանությամբ քարոզարշավ էր իրականացնում։

«Լուլայի վերադարձը նախագահի պաշտոնին ստեղծել է ավելի եղբայրական մթնոլորտ», որը «բացում է առեւտրային հնարավորություններ», - ասել է Ֆավարոն:

Նա նաեւ ընդգծել է, որ իր Չինաստան կատարած այցն արդեն իսկ բերել է կարեւոր արդյունք՝ Պեկինը հավանություն է տվել բրազիլական տավարի մսի ներմուծման վերականգնմանը եւ թույլատրել նոր գործարանների կառուցումը։

Նախարարը հայտնել է, որ բրազիլական եւ չինական ընկերությունների միջեւ համաձայնագրերը դեռեւս կհայտարարվեն մարտի 29-ին։ Սկզբում ակնկալվում էր, որ մոտ 240 բրազիլացի բիզնես առաջնորդներ կգան Չինաստան, որոնց ավելի քան մեկ երրորդը Բրազիլիայի գյուղատնտեսական հատվածից է, որոնց տավարի մսի, սոյայի եւ փայտի միջուկի մեծ մասն ուղարկում է Չինաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ