News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան կիրակի օրը նախազգուշացրել է, որ ֆինանսական կայունության ռիսկերն աճել են եւ ընդգծել բանկային ոլորտում վերջին ցնցումներից հետո «զգոնության անհրաժեշտության մասին», հաղորդում է AFP-ն:

Ելույթ ունենալով Պեկինում կայացած ֆորումում՝ ԱՄՀ-ի գործադիր տնօրենն ասել է, որ ակնկալում է, որ 2023 թվականը «կլինի եւս մեկ դժվար տարի», որտեղ համաշխարհային աճը կդանդաղի մինչեւ 3.0 տոկոս՝ Ուկրաինայի պատերազմի, դրամավարկային խստացման վարկային քաղաքականության եւ կորոնավիրուսի թողած «սպիների» պատճառով:

«Անորոշությունը բացառապես բարձր մակարդակի վրա է, եւ համաշխարհային տնտեսության հեռանկարը, ամենայն հավանականությամբ, միջնաժամկետ կտրվածքում կշարունակի թույլ մնալ», - ասել է ԱՄՀ-ի ղեկավարը եւ հավելել․ «ակնհայտ է նաեւ, որ ֆինանսական կայունության ռիսկերը մեծացել են»:

Պարտքի ավելի բարձր մակարդակի ժամանակ, ցածր տոկոսադրույքների երկարատեւ շրջանից արագ անցումը գնաճի դեմ պայքարելու համար անհրաժեշտ շատ ավելի բարձր դրույքաչափերին անխուսափելիորեն սթրես եւ խոցելիություն է ստեղծում, նշել է Գեորգիեւան։

ԱՄՀ ղեկավարը, միաժամանակ, մատնանշել է Չինաստանի վերականգնումը որպես «լուսավոր կետի» համաշխարհային տնտեսության համար։

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ Չինաստանի տնտեսությունն այս տարի կաճի 5,2 տոկոսով՝ պայմանավորված մասնավոր սպառման վերականգնմամբ, քանի որ երկիրը դուրս է գալիս համաճարակի արգելափակումից:

Չինաստանը կկազմի համաշխարհային աճի մոտ մեկ երրորդը 2023 թվականին, ինչը ողջունելի խթան կհանդիսանա համաշխարհային տնտեսության համար, ընդգծել է Գեորգիեւան։

«Չինաստանում ՀՆԱ-ի աճի 1,0 տոկոսային կետով աճը հանգեցնում է ասիական այլ տնտեսությունների աճի միջինը 0,3 տոկոսային կետով, ինչը ողջունելի խթան է», - ասել է նա:

Գեորգիեւան Չինաստանի քաղաքականություն մշակողներին հորդորել է ձգտել խթանել արտադրողականությունը եւ վերականգնել տնտեսությունը՝ հեռանալով ներդրումներից եւ գնալով դեպի ավելի կայուն սպառման վրա հիմնված աճի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ