News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի բյուջետային հանձնաժողովը երեքշաբթի հավանություն է տվել հաջորդ ֆինանսական տարվա (կսկսվի 2023 թվականի ապրիլին) դեֆիցիտային բյուջեի նախագծին  ռեկորդային ծախսերով՝ 114,38 տրլն իեն (շուրջ 870 մլրդ դոլար ընթացիկ փոխարժեքով) ռազմական ծախսերի աճի ֆոնին՝ հինգ տարվա ընթացքում պաշտպանական ներուժի արմատապես ամրապնդման կառավարության ծրագրի շրջանակներում, հաղորդում է  Kyodo-ն։

Բյուջեի վերջնական հաստատումը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին՝ Վերին պալատի նիստի պաշտոնական ընթացակարգի ընթացքում: 

Բյուջեի ծավալների աճի գլխավոր պատճառը կդառնա պաշտպանության ծախսերի պլանավորված ավելացումը։ 2023 ֆինանսական տարում դրանք կկազմեն 6,8 տրիլիոն իեն (մոտ 51,8 միլիարդ դոլար), ինչը 1,25 անգամ գերազանցում է ընթացիկ տարվա ցուցանիշը։ Դրանցից 211,3 մլրդ իեն (մոտ 1,6 մլրդ դոլար) կհատկացվի ԱՄՆ-ից Tomahawk թեւավոր հրթիռների գնման համար։ Ակնկալվում է, որ պաշտպանական ծախսերը կգերազանցեն ՀՆԱ-ի 1 տոկոսի նշաձողը։

Հարկային եկամուտները սպասվում են ռեկորդային մակարդակով՝ 69,44 տրլն իեն (մոտ 529 մլրդ դոլար), իսկ հաշվի առնելով այլ եկամուտները՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի 35,62 տրլն իեն (մոտ 271 մլրդ դոլար): Դեֆիցիտը ծածկվելու է պարտատոմսերի թողարկմամբ: Չնայած ռեկորդային հարկային եկամուտներին, բյուջեի բարձր կախվածությունը պարտքային պարտավորություններից կմնա անփոփոխ՝ 30 տոկոս։ Ճապոնիայի պետական պարտքն արդեն գերազանցում է ՀՆԱ-ն գրեթե երկու անգամ։

Կառավարությունն անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին հաստատել է Ազգային անվտանգության նորացված ռազմավարությունը, որը ենթադրում է մինչեւ 2027 թվականը պաշտպանական ծախսերի ավելացում մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոս։ Վարչապետ Ֆումիո Կիշիդան կարգադրել է 2027 թվականին պաշտպանական կարիքների համար բյուջեի ֆինանսավորումն ապահովել 8,9 տրլն իենի (67,8 մլրդ դոլար) մակարդակով: Ընթացիկ տարում այդ ծախսերը սահմանվել են 5,37 տրլն իեն (40,9 մլրդ դոլար) մակարդակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ