News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Թատրոնի օրվան նվիրված մեզ նվեր է արվել, հանրային քննարկման է դրվել մի նախագիծ, որով, ըստ իրենք, պետք է բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը միավորվի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:

«Հիմնավորումն այն է, որ թատրոնը չի կատարում իր առջեւ դրված խնդիրները, ֆինանսական տարեկան պլանը: Բայց մենք ոչ թե պետությանն ենք պարտք, այլ դա այն գումարն է, որը թատրոնը պետք է օգտագործի իր հոգսերի համար: Իստ իրենց մյուս հիմնավորումն այն է, որ չենք ունեցել հյուրախաղեր պատշաճ քանակով, չենք ունեցել ներկայացումներ պատշաճ քանակով: ԿԻրենց կողմից կա նաեւ պնդում, որ մենք չենք համապատասխանում մեր բովանդակությանը՝ էքսպերիմենտին:

Հիմա հերթով գանք. Մեր տարեկան պլանը, որը պետք է կատարենք, մոտ 11 մլն դրամի չափ: Դա գոյանում է ներկայացումների քանակից եւ տարածքը վարձավճարով տալուց: Հիմա մենք ներկայացումներ խաղում ենք այնքան, որքան կարողանում ենք, հասցնում ենք, եւ չենք կարողանում թատրոնը տալ վարձակալության: Չենք կարողանում տալ, որովհետեւ չունենք լուսային տեխնիկա, դահլիճը բարեկարգ չէ, նաեւ տարածքը փոքր է:

Հյուրախաղեր ինչի՞ հաշվին պետք է լինեն, պետությունը չի տալիս գումար, պետք է լինի արտաբյուջեից: Այսինքն պետք է ունենանք նորմալ արտաբյուջե, որ կարողանանք նորմալ հյուրախաղերի: Մենք գնում ենք, բայց օրինակ, 10-ի փոխարեն գնում ենք 7 անգամ:

Հաջորդը, մեզ ասում են՝ դուք չեք համապատասխանում ձեր էքսպերիմենտալ բովանդակությանը, բայց եթե ձեզ միացնենք Սունդուկյան թատրոնին, դուք պետք է լինենք թատերական էքպերիմենտալ խմբակ: Եթե մենք չենք համապատասխանում, հետո ո՞նց ենք համապատասխանելու»,-ասաց նա՝ պնդելով, որ թատրոնն ունի փորձարարական ներկայացումներ:

Սարգիս Արզումանյանը խոստովանեց, որ իսկապես թատրոնը որոշ հարցերում թերացել է, բայց դրան կարելի էր խելացի լուծումներ տալ, ոչ թե թատրոնը փակել կամ միացնել այլ թատրոնի:

Հարցին, թե իր կարծիքով ինչու թատրոնին թերությունները շտկելու հնարավորություն չեն տվել, նա պատասխանեց. «2019-ին եղավ արտահոսք, մշակույթի նախարարության մի տեղեկանք հրապարկվեց, որտեղ ՊՈԱԿ-ները պետք է միանային իրար: Այդ նախագծի մեջ կար մեր թատրոնը, որ մեր թատրոնը պետք է միանա Սունդուկյանի անվան թատրոնին եւ լինի մասնաճյուղ: Այսինքն այս բոլոր զգուշացումները, թատրոնը չվերազինելը հատուկ է արվել, որպեսզի այսօր դրանք լինեն հիմնավորումներ: Եթե իրենք վերազինեին, մենք կկատարեինք պլանը, կլիներ նորմալ թատրոն եւ չէին կարողանա պատճառաբանել, թե ինչու է թատրոնը փակվում: Այսինքն սա միտումնավոր է արվել, որ կատարվի այդ նենգ ծրագիրը»:

Ռեժիսորը վստահեցրեց, որ պայքարելու են այնքան, մինչեւ հասնեն արդյունքի. «Իսկ արդյունք լինելու է, որովհետեւ այս ամենը հիմնված է կեղծիքի վրա, ոչ մի տրամաբանական հիմնավորում չկա: Մենք հաստատ հաղթելու ենք: Այս գոյամարտը հաստատ ունենալու է իր հաղթանակը»:

Հարցին՝ եթե այդուհանդերձ, «Գոյ» թատրոնը միանա Սունդուկյանի անվան թատրոնին, ի՞նչ է կորցնելու «Գոյը«, Սարգիս Արզումանյանը պատասխանեց. «Կորում է «Գոյը»: Մեր թատրոնի անձնակազմը 35 հոգի է եւ այդ 35-ն էլ չեն գնալու Սունդուկյան թատրոն, չենք վերամիավորվելու: Մենք կորցնում ենք Երեւանից մի թատրոն, մի ձեռագիր: Վստահ եմ՝ այդպես չի լինելու, որովհետեւ ում պետք է «Գոյը», նրանք ավելի շատ են եւ իրենք կպայքարեն այս ամենի համար»:

Տպել
Ամենաշատ