News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին Ռուսաստան հայկական ARARAT կոնյակի արտահանման կասեցման մասին, սակայն որոշ լրատվամիջոցներ նաև գրեցին, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը` վստահեցնելով, որ Երևանի կոնյակի գործարանը հավատարիմ է մնում իր արտադրանքը սպառողին շարունակական հասանելիությունն ապահովելու սկզբունքին: 

Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է, որ ընդամենը հայտարարվել էր, որ Pernod Ricard-ը հեռանում է ռուսական շուկայից։ Լրացուցիչ տեղեկություններ չկան, մինչդեռ հաճախ մեխանիզմները, ըստ փորձագետի, տրամագծորեն տարբերվում են հայտարարության բովանդակությունից։

«Խոսքը, հավանաբար, իրադարձությունների զարգացման երկու սցենարի մասին է։ Առաջին սցենարը կարող է լինել այն, որ ֆրանսիական Pernod Ricard ընկերությունը հայտարարել է ռուսական շուկայից որպես դիստրիբյուտոր դուրս գալու մասին։ Տվյալ դեպքում իրավական տեսանկյունից Pernod Ricard չի կարող դուրս գալ ռուսական շուկայից, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է, որը չունի մաքսային սահման։

Սա նշանակում է, որ Pernod Ricard-ը կարող է իր արտադրանքը վաճառել Միության ցանկացած երկրում, և ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի գնել ընկերության արտադրանքը և վերաարտահանել դրանք Ռուսաստան։ Pernod Ricard-ը դա արգելելու ոչ մի մեխանիզմ չունի, ոչ էլ ընկերությանը նման գործողությունների համար պատժելու մեխանիզմներ կան։

Իրադարձությունների նման զարգացմամբ Հայաստանի համար ոչ մի հետևանք չի լինի, բացառությամբ, որ վերջնական սպառողի համար գները կարող են աճել 5-10 տոկոսով՝ միջնորդների թվի ավելացման պատճառով։

Երկրորդ, ավելի քիչ հավանական սցենարը կարող է լինել այն, որ Pernod Ricard-ը որոշի իր արտադրանքի նույնիսկ միջնորդավորված վաճառք չիրականացնել: Այս դեպքում ընկերությունը, ցանկության դեպքում, արտահանումն արգելելու համար կարող է օրինական մեխանիզմ գտնել։ Չեմ կարծում, որ Արևմուտքը հիմա հետապնդում է Հայաստանին և փորձում է նման արգելք մտցնել»,- նշեց փորձագետը։

Հարությունյանը կարծում է, որ երկրորդ սցենարի իրականացումը կարող է աղետի հանգեցնել, քանի որ Հայաստանում աճեցվող խաղողի 1/3-ն օգտագործվում է կոնյակի արտադրության համար։

Նա հորդորեց հաշվի առնել, որ Pernod Ricard-ը խաղողի սովորական գնորդ չէ. եթե ընկերությունը ֆերմերից խաղող է գնում, դա նշանակում է, որ նա դառնում է նրա երկարամյա գործընկերը, և նրանք համատեղ մշակում են զարգացման ծրագրեր, ուստի Հայաստանում խաղողագործության ոլորտում կարող է նաև լուրջ ճգնաժամ առաջանալ։ 

«Այս դեպքում կորուստները վերականգնել հնարավոր չի լինի։ Հայաստանի համար ֆինանսական կորուստները կարող են կազմել հարյուր միլիոնավոր դոլարներ»,- պարզաբանեց փորձագետը՝ հիշեցնելով, որ այսօր արտադրվող հայկական կոնյակի մոտ 80%-ն արտահանվում է Ռուսաստան։

Նա հավելեց, որ Հայաստանը որդեգրել է հայկական կոնյակը որպես այդպիսին մերժելու քաղաքականություն։

«Մեզ տրվել է 25 տարի, որպեսզի աստիճանաբար հարմարվենք դրան, ԵՄ-ն դրա համար ֆինանսավորում է տրամադրել: Այժմ, փուլային անցումից, մենք կսկսենք իրականացնել շոկային անցում։ Պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի ֆերմերներին, որպեսզի վերջիններս կարողանան վերակողմնորոշել իրենց այգիները՝ գինու խաղող աճեցնելու համար»,- ընդգծեց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ընկերության կողմից հայ ֆերմերներից խաղողի գնումն առաջին հերթին քաղաքական ակտ է, բարի կամքի դրսեւորում։ Այժմ ընկերությունը լուրջ պարտավորություններ է ստանձնել ֆերմերների նկատմամբ։

«Pernod Ricard-ը միայն խաղողի գնորդ չէ և կոնյակ վաճառող։ Այն մեր մշակույթում իր տեղն է զբաղեցնում։ Ընկերությունը ցարական Ռուսաստանի, Խորհրդային Հայաստանի և ժամանակակից Հայաստանի արժանի ժառանգորդն է, սա է մեր պատմությունը։

Սա կարևոր է նաև Ռուսաստանի համար, քանի որ այն նույնպես իր մշակութային ժառանգության մաս է կազմում:

Սակայն ցանկացած փակ դուռ բացում է մեկ այլ՝ փակ դուռ, ուստի, եթե Pernod Ricard-ը սկզբունքորեն որոշի դուրս գալ ռուսական շուկայից, դա նշանակում է, որ նա պետք է սպառման նոր շուկաներ փնտրի, քանի որ նրա մոտ ավելցուկ կառաջանա։ Եվ սա դեպի նոր շուկաներ  ճանապարհ կբացի նաև հայաստանյան մյուս արտադրողների համար։ Եվրոպական շուկայում ընկերությունը չի կարող լուրջ փոփոխություններ կատարել, ուստի խոսքն ասիական շուկայի մասին է, ներառյալ Չինաստանը, Վիետնամը, Հնդկաստանը։ Կոնյակի լուրջ պահանջարկ կա նաև աֆրիկյան զարգացած երկրներում, Հարավային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև ԱՄՆ-ում»,- ասաց փորձագետը։

Նա հիշեցրեց, որ կոնյակը քաղաքական արտադրանք է, որը լուծում է քաղաքական հարցեր ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ այլ երկրների հետ հարաբերություններում։

Արամ Դանիելյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ