News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը


Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել։ Պատճառը Ալիեւի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումն էր։

Ալիեւի ելույթից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում էր խոսքը փոխանցել հաջորդ բանախոսին, երբ Նիկոլ Փաշինյանը ընդհատեց նրան, որպեսզի արձագանքի Ալիեւին։ Իր հերթին Ալիեւը արձագանքեց Հայաստանի վարչապետի խոսքին, ինչը վերածվեց մոտ 10 րոպե տեւողությամբ բանավեճի։ Այդ ընթացքում Պուտինը մի քանի անգամ ապարդյուն փորձեց դադարեցնել վեճը, իսկ բանավեճի վերջում հորդորեց այդ թեմաները քննարկել նիստից հետո կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում։  

Փաշինյանը, ի պատասխան Ալիեւի, նշեց, որ Ադրբեջանի նախագահն օգտագործել է արտահայտություն, որը վերջին տարիներին քողածածկույթ է ծառայել Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու համար. «Ուզում եմ ընդգծել, որ 2020-ի եռակողմ հայտարարության մեջ խոսվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, բայց, ցավոք, ապօրինի արգելափակվեց Ադրբեջանի կողմից»։

Նա միաժամանակ ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները, ներառյալ այն կոմունիկացիաները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով:

Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ալիևը խոսել է համապատասխան սահմանների ճանաչման հետ կապված պայմաններ ստեղծելու մասին՝ հաստատված 1991 թվականի պայմանագրերով. «Այս պայմանները հուշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ Հայաստանը նույնպես դրական է տրամադրված»:

Պուտինը նշել է, որ առաջիկա եռակողմ հանդիպմանը կարող են ավելի մանրամասն խոսել և քննարկել։

Ալիեւն իր հերթին ասել է, որ Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Ըստ նրա՝ պետք է «շատ ջանալ կամ ունենալ կատաղի երեւակայություն եւ տեսնել տարածքային պահանջներ»։

«Ինչ վերաբերում է իմ օգտագործած միջանցք բառին, ապա նույն բառն օգտագործել եմ Հյուսիս-Հարավ միջանցքի, Արևելք-Արևմուտք միջանցքի հետ կապված։ Միջանցքի անվանումը ոչ մի կերպ ոտնձգություն չէ ինչ-որ մեկի տարածքի նկատմամբ»,- ասել է Ալիևը։

Նա կրկնել է, որ խաղաղ համաձայնության հասնելու հնարավորություններ կան։ Հատկապես, ըստ նրա, այն պայմաններում, երբ «Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետն ասել է, որ մարդիկ, որոնք ծանոթ են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստին, քաջատեղյակ են, որ տեքստում կա «միջանցք» բառի օգտագործման մեկ դեպք, և այդ համատեքստում այդ բառն ունի հատուկ նշանակություն: Դա Լաչինի միջանցքն է, որը պետք է գտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո և կապ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև։

«Սակայն, ցավոք, ապօրինի կերպով, ռուս խաղաղապահների ներկայությամբ, Ադրբեջանը փակել է այդ միջանցքը»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ և դրա հիման վրա առաջ են շարժվում հարաբերությունների կարգավորման գործընթացում. «Հուսով եմ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև շուտով կսկսվի կառուցողական երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

Սրան Ալիևն ասել է, որ «Ադրբեջանը չի փակել միջանցքը, իսկ Լաչին-Խանքենդի ճանապարհը բաց է»։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնց տարածքային ամբողջականությունը դուք ճանաչում եք, սահմանային անցակետ է ստեղծվել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Այս սահմանային անցակետը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի դիրքից 20 մետր հեռավորության վրա։ Իսկ այսօր Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ Ադրբեջանի բնակիչներն ազատորեն շարժվում են դեպի Հայաստան։ Ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է նա՝ կոչ անելով հարթակը չօգտագործել «անհիմն մեղադրանքների համար»։

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախաձեռնությունը. «Ադրբեջանի իրավունքն է նախաձեռնել այն, ինչ նա համարում է ճիշտ, օրինական, ողջամիտ և ինչն  աջակցություն է գտնում Ռուսաստանի Դաշնության և գործընթացում ներգրավված այլ կողմերի կողմից»:

Հայաստանի վարչապետն ի պատասխան ասել է. «Շատ հետաքրքիր էր իմանալ, որ Ռուսաստանը աջակցում է այս նախագծին»: «Ես գիտեմ, որ Ռուսաստանը աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացմանը։ Դուք ասացիք «Լաչինի ճանապարհ»։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ «Լաչինի ճանապարհ» չկա։ Այնտեղ Լաչինի միջանցքն է, որը, ըստ մեր երեքի ստորագրած փաստաթղթի, պետք է գտնվի ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Այս միջանցքում ուրիշ ոչ ոք չպետք է վերահսկողություն ունենա։ Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, եռակողմ հայտարարության ուղղակի խախտում է: Հայաստանը չի տեսնում, որ միջանցքը բաց է, ինչպես պնդում է Ադրբեջանի ղեկավարը։ Ուստի կարևոր եմ համարում միջազգային առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Առաքելությունը կգնահատի հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերից մարդասիրական ճգնաժամ է նկատվում։ Միջանցքի շրջափակման պատճառով անհրաժեշտ ապրանքների, սննդամթերքի մատակարարումները դժվարացել են, խոչընդոտներ են առաջացել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը ԵԱՏՄ շուկաներ. Միշուստին
Բելառուսն ու Ղազախստանը՝ ավելի քան կրկնապատկել, Ղրղզստանը՝ եռապատկել...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին
Նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր...
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ