
Բաքվում շարունակում են կեղծել ու մանիպուլացնել՝ մոլորության մեջ գցելով նրանց, ովքեր ծանոթ չեն իրական իրավիճակին։ Այս անգամ Բաքվում հայտարարել են «Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի բոլոր շրջաններն ու քաղաքները էլեկտրականությամբ ապահովելու մասին»։
Ադրբեջանի բնապահպանական փորձաքննության պետական գործակալությունում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» հաշվետվության լսումների ժամանակ «Ազերէներժի» ԲԲԸ-ն նախագահի խորհրդական Վուգար Ալիեւի հնչեցրած պնդումը մի շարք ստեր է պարունակում:
Թե ինչ նպատակով է ընդհանրապես Ադրբեջանում 2020 թվականի ագրեսիայից անմիջապես հետո հայտնվել հայկական Զանգեզուր անունով շրջանը, բացատրության կարիք չունի։ Նման շրջան Ադրբեջանում չի եղել, եւ այն ստեղծվել է հատուկ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։
Արցախին էլեկտրականությամբ ապահովելու մասին հայտարարությունը նույնպես «լապշա» է եւ ոչ միայն այն պատճառով, որ չնայած բոլոր ջանքերին՝ Ադրբեջանը չի վերահսկում Լեռնային Ղարաբաղի տարածքը, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում հանրապետության բնակչությանը գազից եւ էլեկտրականությունից զրկելու համար։
Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ առումով խեղդման քաղաքականությունը հանգեցնում է էկոլոգիական աղետի:
Իսկ Բաքվում համառորեն շարունակում են հանցավոր քաղաքականությունը՝ այն ամրապնդելով ահա այսպիսի շինծու զեկույցներով։