
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակից։
Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը կարեւորել է նրա այցը Հայաստան՝ որպես հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների վերականգման եւ հետագա զարգացման նոր խթան:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժն իրացնելու հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Հունգարիայի բիզնես շրջանակների միջեւ կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը նշել է հայկական համայնքի գործունեության կարեւորությունը, անդրադարձել նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտում համագործակցությանը:
Հանդիպման ավարտին Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հրավիրել է Հունգարիա՝ երկկողմ հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ քննարկելու նպատակով: