News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ յուրացման քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նույն քաղաքականությունը վարել նաեւ Իրանի նկատմամբ: Այս մասին «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Ավագյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ավերմանը:

«Մասնավորապես՝ նախորդ տարի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երեւան այցելած ադրբեջանցի պատվիրակները սին հայտարարություններ տարածեցին՝ ադրբեջանական հորջորջելով Երեւանի Կապույտ մզկիթը, եւ կամ պետական ամենաբարձր մակարդակով Բաքվում շարունակական ջանքեր են գործադրվում իրանցի մեծանուն տարբեր գրողների որպես ադրբեջանցի ներկայացնելու ուղղությամբ»,- նշել է Իրանում ՀՀ դեսպանը:

Նրա խոսքով՝ խոսելով հայկական մշակութային ժառանգության մասին՝ անհնար է չգնահատել Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության հանդեպ.

«ԻԻՀ պետական աջակցությամբ վերականգնվել են տասնյակ նշանավոր եկեղեցիներ, այլ հուշարձաններ։ Թե՛ ՀՀ ղեկավարությունը, թե՛ հայ ժողովուրդն ընդհանրապես միշտ բարձր են գնահատել եւ դրվատանքի խոսքեր են հնչեցրել իրանցի բարեկամների հասցեին այս կապակցությամբ ։ Իրանի հոգատարությունը հայկական մշակույթի նկատմամբ մեր երկու պետությունների ընդհանուր քաղաքակրթական կապերի եւ հազարամյա պատմական առնչությունների վկայությունն է։

Ասվածի վկայությունն է նաեւ 44-օրյա պատերազմից առաջ իրանական կողմի աջակցությամբ վերականգնված Շուշիի Գոհար աղա մզկիթը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործելակերպին՝ հայկական պատմական հուշարձանների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի հարցում, Դուք միանգամայն հստակ բնորոշեցիք այն, եւ ցավով պետք է արձանագրել, որ դա ամենեւին նորություն չէ»:

Արսեն Ավագյանն ընդգծել է, որ ոչ շատ վաղ անցյալում՝ 2005թ․ Ադրբեջանի իշխանություններ ծայրահեղ բարբարոսությամբ ավերել են Արաքսի ափին՝ Նախիջեւանի տարածքում գտնվող Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը. «Դեռեւս քսաներորդ դարի ընթացքում Նախիջեւանում կային հարյուրավոր հայկական պատմական կոթողներ, որոնք բոլորն այսօր հիմնահատակ ավերված եւ ոչնչացված են։ Իր այս հանցավոր գործելակերպը Ադրբեջանը շարունակում է նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Ավերվում է այն, ինչ հնարավոր է, իսկ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է հանրահայտ կոթողներին, որոնց ավերումը կարող էր մեծ արձագանք ունենալ, Ադրբեջանը անամոթաբար ժխտում է դրանց հայկական ինքնությունը՝ վերագրելով ինչ որ մտացածին «աղվանական ճարտարապետության»:

Այս գործում ադրբեջանական կողմի լկտիությունը հասել է այն աստիճանի, որ Ադրբեջանի նախագահը տեսախցիկների առաջ հրահանգում է հայկական եկեղեցու վրայից ջնջել հայերեն արձանագրությունները։ Ավելորդ չէ նաեւ նշել, որ Ադրբեջանը մինչ այժմ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Հարկ է նշել նաեւ, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, փորձում է ԼՂ հակամարտությանը հաղորդել կրոնական ենթատեքստ՝ Հայաստանին ներկայացնելով որպես իսլամի եւ ողջ մուսուլմանների թշնամի եւ օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը, առաջ քաշում կեղծ փաստեր, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մի շարք մզկիթներ է ավերել»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ