
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է, տեղեկացրել է Politico թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ ամերիկյան ռազմական արբանյակները գրանցել են զինծառայողների ակտիվացում ուկրաինական դիրքերում։
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը երկուշաբթի ասել է, որ Կիեւն անցնում է հարձակողական գործողությունների «որոշ ուղղություններով»։ Ընդ որում՝ նրա խոսքով, «մարտական գործողությունների էպիկենտրոնը մնում է Բախմուտի ուղղությունը»։
Կիրակի օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի Զինված ուժերը պատրաստ են հակահարձակման։ «Տեղի կունենա այն, ինչին Ուկրաինան չէր սպասում։ Կլինեն հնարավորություններ, որոնցից Ուկրաինան կկարողանա օգտվել»,- ավելացրել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինայի ԶՈւ-ն պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները հասկանում են ստեղծված անորոշությունը եւ ընդունում, որ Ուկրաինային կարող է շատ ավելի երկար աջակցություն պահանջվել, քան ենթադրվում էր նախկինում։ «Մեր նպատակը նրանց [ռազմական] միջոցներ տրամադրելն է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հասնել հաջողության»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ արեւմտյան երկրները նախապատրաստել են Ուկրաինայի ԶՈւ ընդհանուր առմամբ 12 բրիգադ, որոնք այժմ կռվում են Ուկրաինայում արեւմտյան զենքով։ Օսթինն ընդգծել է, որ արեւմտյան պետությունների ստեղծած բազմակողմ խումբը, որը համակարգում է Կիեւին ռազմական օգնության ցուցաբերումը, կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինա, պատրաստել նրա զինծառայողներին։