News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եթե համեմատենք 2018-ի հետ, այսօր մենք մեծ հետընթաց ունենք օրենքի ու իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում խոշտանգումների դեպքերի աճ է նկատվում քննչական մարմիններում. «Առնվազն երկու դեպք ենք գրանցել փաստաբանների նկատմամբ բռնության կիրառման: Ընդ որում, եթե առաջին դեպքից հետո արձանագրվեց ոստիկանության բաժանմունքներում ձայնագրող սարքերի բացակայությունը, անցավ մի քանի ամիս, տեսանք, որ այդ խնդիրը շարունակում է մնալ եւ երկրորդ դեպքը եղավ ու էլի չկային ձայնագրող սարքերը՝ կամերաները: Առկա չէ պատասխանատվության ենթարկելու գործընթացը ոստիկանների նկատմամբ, որոնք ներգրավված էին այդ բռնության մեջ: Մենք տեսանք ոստիկանության կողմից «Եռաբլուրում» ծնողների նկատմամբ բռնության կիրառման ու էլի տեսնում ենք, որ քրեակն պատասխանատվության ենթարկելու գործընթացը պրոբլեմատիկ է, գործի հարուցումը բավականին դանդաղ է գնում կամ չի գնում»,-ասաց նա:

Օրբելյանի ներկայացմամբ, եղել է դեպք, երբ դատական նիստի ժամանակ անձ է մահացել. «Մենք ունենք ՔԿՀ-ում կուսակցության առաջնորդի տեղակալ, թերթի խմբագիրը հացադուլ է հայտարարում ու մահանում: Մենք ունենք դեպքեր, երբ կալանքը կիրառվում է որպես պատժի միջոց եւ կառավարությունն ամեն ինչ անում է, որ կալանքը հենց այդպես էլ ընկալվի: Մենք տեսնում ենք, որ կալանք է կիրառվում քաղաքական օպոնենտներին լռեցնելու համար. Արմեն Աշոտյանի օրինակը ամենատիպիկն է: Մենք տեսնում ենք դեպքեր, երբ կալանքը կիրառվում է որպես խոստովանություն կորզելու համար, տիկին Գայանեի օրինակը եւ այլն: Մենք տեսնում ենք, որ իրավական պետության տարրերն են լրջագույն վտանգի ենթարկված՝ դատավորների դեմ սկսված արշավանքով, երբ մեկ օրում 5 դատավորի լիազորություն է դադարեցվում, երբ դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում ունենում ենք զավեշտալի իրավիճակ, երբ լսված լինելու իրավունքն է խաթարվում:

Մինչ այդ, Ռուբեն Վարդազարյանին կարգտապահական պատասխանատվության ենթարկելու որոշման մեջ զավեշտի գերադրական աստիճանի ենք հասնում, երբ երկու դատավոր, որոնք ունեն մեկ պարտավորություն, եթե լայն նայենք, քվեարկել եւ որոշում ընդունել իրենց խղճին համապատասխան, գրում են հատուկ կարծիք, որ մեր կարծիքով արդար դատաքննության իրավունքը խախտված է, պատիժը համաչափ չէ, բայց ես կողմ եք քվեարկում որոշմանը:

Ունենք դեպք, երբ Օնիկ Գասպարյանին աշխատանքից հեռացնելուց հետո ստանում ենք դատարանի որոշում, որտեղ կա հայցի ապահովման միջոց, որը հստակ ասում է, որ Օնիկ Գասպարյանին դեռեւս աշխատանքից չեն հեռացրել մինչեւ վճիռ կայացնելը, գործադիր մարմինը եւ պաշտպանության նախարարը ասում են՝ մեզ դա հետաքրքիր չի: Ինչ-որ ոչ մի բան չասող ֆորմուլներ են ձեւակերպում եւ չեն կատարում այդ ակտը»,-հայտարարեց փաստաբանը:

Նա նաեւ հայտարարեց, որ ՍԴ երկու որոշումներում արձանագրվել է, որ Սահմանադրության նախաբանը Սահմանադրության անբաժան մասն է, անփոխարինելի հոդվածներին հավասար է եւ պետք է հաշվի առնվի Սահմանադրությունը մեկնաբանելիս, իսկ նախաբանը հղում է անում Անկախության հռչակագրում արձանագրված նպատակներին, որոնցից երկուսն են Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը եւ Արցախի ու Հայաստանի վերամիավորումը որպես փաստ ընդունելը: «Հիմա տեսնում ենք, որ կառավարությունը ոչ թե բանակցում է այն մասին, որ մենք փորձենք ինչ-որ լուծում գտնել առկա իրավիճակին, այլ ասում է՝ եկեք ընդունենք ադրբեջանական թեզերը եւ չիրականացնենք մեր ֆունկցիաները: Մենք տեսնում ենք, որ Սահմանադրությամբ ՀՀ ԶՈՒ-ն ունի պարտավորություն տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության, ինքնիշխանության պաշտպանության համար, բայց բազմաթիվ դեպքերով տեսնում ենք, որ ինչ-որ մարդիկ հրաման են տալիս զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից եւ այդ տարածքները հանձնել Ադրբեջանին՝ ինչ-ինչ պատճառաբանություններով:

Մենք տեսնում ենք 2020-ից հետո խաղաղ վիճակում 400 զոհ: Այս ամենը ցույց է տալիս, որ Սահմանադրության ոտնահարում է տեղի ունենում»:

Օրբելյանը նաեւ հայտարարեց, որ այսօր տեսնում ենք իշխանության տարանջատման սկզբունքի իսպառ բացակայություն, 2018-ին ԱԺ-ի պաշարում, 2020-ին ՍԴ-ի «գրավում», հիմա էլ զինված ուժերի քաղաքականացում, երբ ԳՇ պետի պաշտոնը դարձրեցին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոն. «Այսինքն տեսնում ենք Սահմանադրության բազմաթիվ խախտումներ: Մենք սահմանադրականության ընկալման ճգնաժամ ունենք: Այօր երբ քննարկում է լինում Սահմանադրությունը դիտարկում են բացառապես ժողովրդաիշխանության լույսի ներքո, պրիմիտիզացված: Դա ակնհայտորեն խախտում է սահմանադրությամբ նախատեսված բոլոր կառուցակարգերը»,-ասաց Օրբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ