Կարծում եմ, որ ԲԴԽ-ն կամայական որոշում է կայացրել՝ ինձ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման բաժնի ցուցակից հանելով: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը:

«Երբ ինձ այդ նույն կազմով ընդգրկեցին առաջխաղացման ցուցակի մեջ, դրանից հետո որեւէ բան չի փոփոխվել, հակառակը միայն դրականն է եղել, ստացել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից իմ բարեվարքության մասին եզրակացությունը, որը եղել է դրական: Աշխատանքներս գնահատվել է 100/100, հետո չգիտեմ՝ ինչ պատճառով ինձ հանել են ցուցակից: ԲԴԽ-ից՝ որպես վարչական մարմին, ստացել եմ ակտը, իմ կարծիքով՝ ինձ թվաց, թե դա որոշման քաղվածք էր»,- ասաց դատավորը:

Անդրադառնալով Դատական դեպարտամենտի կողմից ԲԴԽ անդամի ընտրության քվեաթերթիկում ներառելու միայն մարզերի դատավորներին ծանուցելու մասին որոշմանը՝ Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես էլ եմ կարծում, որ Դատական դեպարտամենտը սխալ է ուղարկել ծանուցումը, որ միայն մարզերին է ծանուցել: Մենք չունենք այն հիմնավորումները, թե ինչու պետք է միայն մարզերը ծանուցվեն, եւ ինչու պետք է Երեւանը չմասնակցի: Մենք կփորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է այս ընտրությունը հետաձգել, տեսնենք՝ Վարչական դատարանն ինչ է ասում պարոն Բալայանի հայցի հետ կապված, հետո տեղի ունենա ընտրությունը»:

Հարցին՝ ինքը վախենո՞ւմ է լրագրողներին հարցազրույց տալուց, եւ արդյո՞ք մտահոգություն չունի, որ իր նկատմամբ նույնպես կարող է կարգապահական վարույթ նախաձեռնվել, Հովհաննիսյանն ասաց. «Ես ընդհանրապես չեմ վախենում: Այստեղ վախենալը եւ խելամիտ լինելը մի քիչ պետք է տարանջատել: Ես կարող եմ խոսել այն ամենի մասին ինչ մտածում եմ, բայց չի լինի խելամտություն, հասկանալով, թե ինչեր տեղի ունեցան, երբ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը արտահայտել: Ես չեմ ուզում այդ հնարավարությունը որեւիցե մեկին տալ, որ այդ գործընթացը սկսվի, ինչքան էլ ցանկություն ունենամ որոշ հանգամանքներին ճիշտ գնահատական տալ»:

Դատավորի խոսքով՝ մտահոգիչ է մեծ թվով կարգապահական վարույթների հարուցումը. «Ո՞նց կարելի է մեկ օրում 4 դատավորի լիազորություն դադարեցնել: Եթե նայենք, թե կարգապահական վարույթներ ինչու են հարուցվում եւ որ դատավորների նկատմամբ, ապա ես ողջամտորեն կասկած ունեմ ճնշումների մասով: Օրինակ՝ դատական ակտերն ուշ ենք ուղարկում կողմերին՝ ծանրաբեռնվածությունից ելնելով, բայց եթե եզրակացություն է կազմվում մեկ դատավորի մասով, եւ նրա լիազորությունները դադարեցվում են, բայց կան այդպիսի բազմաթիվ դատավորներ, եւ նրանց հետ կապված որեւէ կարգապահական վարույթներ տեղի չեն ունենում, ապա դա արդեն մտահոգիչ է»:

Հարցին՝ ԲԴԽ-ն լռեցնո՞ւմ է դատավորներին, դատավորն ասաց. «Իրենց կարծիքով՝ դատավորը մամուլում չպետք է խոսի, բայց դատավորը չի խոսում քաղաքականությունից կամ այլ բաներից, այլ խոսում է իր համակարգում առկա խնդիրներից: Եթե դատավորը խոսում է իր հանակարգի խնդիրներից, ապա դա շատ ողջունելի է, որովհետեւ եթե մենք չխոսենք մեզ մտահոգող խնդիրներից, բա ո՞վ խոսի»:

Անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի այն դիտարկմանը, դատավորը չի կարող քննադատել մեկ այլ դատավորի կողմից կայացված դատական ակտը, Հովհաննիսյանը նույնպես համաձայնեց. «Գրիգոր Մինասյանը ճիշտ է ասում, բայց Դավիթ Հարությունյանը դատական ակտ չի քննադատել, նա քննադատել էր այն օրենքը, որի արդյունքում դատավորների լիազորությունները դադարեցվեցին: Այլ բան է, որ ԲԴԽ-ն որը որպես դատարան է հանդես գալիս, նրա որոշումները չպետք է քննադատել»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրին, թե Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է կանչել Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորների եւ առաջարկել է քվեարկություն անել, դատարանի ստվերային նախագահ ընտրել, քանի որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ ինքը չի կարողանում աշխատել, Արման Հովհաննիսյանն ասաց. «Ինձ համար մտահոգիչ են այդ իրադարձությունները, նույն այդ ստվերային դատարանի նախագահի մասով անկեղծ ասած՝ երբ լսեցի դա, չէի հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետեւ դա մեր համակարագի հեղինակության հարցն է: Եթե մի քաղաքացի մեզ ասի՝ դուք ինչպե՞ս եք կարողանում կայացնել դատական ակտ, եթե ձեր համակարգում նման բաներ են տեղի ունենում, ես չգիտեմ՝ դրա պատասխանը ոնց եմ տալու»: